ԱՄՆ-ում հարյուրավոր պաշտոնաթող զինվորականներ բարձր վարձատրվող աշխատանքի են անցել օտարերկրյա պետությունների կառավարություններում՝ երբեմն ստանալով յոթանիշ աշխատավարձեր, չնայած որ որոշ երկրներ մեղադրվել են մարդու իրավունքների խախտման համար:

The Washington Post-ի նոր հետաքննությունը ցույց է տվել, որ ավելի քան 500 պաշտոնաթող զինվորականներ 2015 թվականից աշխատանքի են անցել օտարերկրյա պետությունների կառավարություններում, եւ մեծ մասը՝ Հյուսիսային Աֆրիկայում կամ Մերձավոր Արեւելքում, ներառյալ՝ խորհրդատուի աշխատանքը Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարությունում:


Աշխատանքը նաեւ շատ եկամտաբեր է, ինչպես պարզել է The Post-ը: Ավստրալիայի կառավարությունը, օրինակ, ավելի քան 10 միլիոն դոլար է առաջարկել ԱՄՆ ռազմածովային ուժերի նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին՝ խորհրդատվական ծառայությունների համար: Ադրբեջանում ԱՄՆ ռազմաօդային ուժերի պաշտոնաթող գեներալին խորհրդատուի աշխատանքի համար օրական 5000 դոլար են առաջարկել:

Համեմատության համար, ըստ The Post-ի, ավելի քան քսան տարվա ստաժ ունեցող չորս աստղանի գեներալը տարեկան ստանում է մինչեւ 203 698 դոլար՝ որպես բազային աշխատավարձ:

Սաուդյան Արաբիան, որը բազմիցս մեղադրվել է մարդու իրավունքների խախտման մեջ, վարձել է ամերիկացի պաշտոնաթող առնվազն 15 գեներալների եւ ծովակալների՝ որպես երկրի պաշտպանության նախարարության խորհրդատուներ։

Պաշտոնաթող գեներալ Ջեյմս Լ. Ջոնսը, որը Օբամայի վարչակազմում ծառայել է որպես ազգային անվտանգության հարցերով խորհրդական, Վիրջինիայում երկու խորհրդատվական ընկերություններ ունի՝ Ironhand Security LLC եւ Jones Group International LLC, որոնք պայմանագրեր ունեն Սաուդյան Արաբիայի հետ:

The Post-ին տված հարցազրույցում Ջոնսն ասել է, որ Թրամփի վարչակազմը հորդորել է իրեն ավելի շատ պայմանագրեր ընդունել այդ երկրի պաշտպանության նախարարությունից: Ջոնսն ասել է, որ իր ընկերությունները նման չորս պայմանագիր ունեն Ռիադում գտնվող ԱՄՆ 53 քաղաքացիների հետ: 8-ը պաշտոնաթող գեներալներ եւ ծովակալներ են, իսկ 32-ը՝ նախկին ցածրաստիճան զինվորականներ։

Այլ զինվորականներ աշխատանքի են անցել Ինդոնեզիայում կամ Արաբական Միացյալ Էմիրություններում:

Ելնելով պարգեւատրումների մասին կետի սահմանափակումներից՝ Սահմանադրությունն ասում է, որ ԱՄՆ-ի պաշտոնաթող զինվորականները, ովքեր ծառայել են առնվազն 20 տարի եւ ունեն կենսաթոշակի իրավունք, չեն կարող վճար ստանալ խորհրդատվությունների, նվերների, պաշտոնի կամ տիտղոսների համար օտարերկրյա կառավարություններից՝ առանց Կոնգրեսի հստակ հաստատման։

Սակայն The Post-ը պարզել է, որ հաստատումը գրեթե միշտ տրվում է: 2015 թվականից սկսած 500 հայտերի շուրջ 95 տոկոսը բավարարվել է։ The Post-ը նաեւ հայտնում է, որ ոմանք պայմանավորվել են օտարերկրյա կառավարությունների հետ ակտիվ ծառայության ընթացքում աշխատանքի մասին:

Հրապարակման համաձայն՝ պատիժը հազվադեպ է կիրառվում։

Օտարերկրյա կառավարությունից հոնորարներ ստանալու համար ԱՄՆ նախկին զինվորականի պատժի ամենահայտնի դեպքերից մեկը Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության նախկին խորհրդական Մայքլ Ֆլինի հետ է կապված եղել:

Ըստ The Post-ի՝ պաշտպանության նախարարության հետաքննությունը պարզել է, որ Ֆլինը մոտ 450 000 դոլար է ստացել ռուսական եւ թուրքական աղբյուրներից 2015 թվականին՝ զինվորական ծառայությունից ազատվելուց մեկ տարի անց։

2017 թվականի դեկտեմբերին Ֆլինն իրեն մեղավոր է ճանաչել այն բանում, որ ստել է ՀԴԲ-ին Ռուսաստանի դեսպանի հետ իր կապերի վերաբերյալ: 2020 թվականի նոյեմբերին Թրամփը ներում է շնորհել Ֆլինին։