«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք գրել էինք, որ Նիկոլ Փաշինյանն Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ վերջին հանդիպման ընթացքում, բացի նրանից, որ ասել է, թե Հայաստանն այլեւս գործ չունի, եւ Արցախն ուղիղ պետք է բանակցի Բաքվի հետ, ակնարկել է նաեւ, թե լավ կլինի, որ Արցախի իշխանություններն էլ շարժվեն Արեւմուտքի ուղղությամբ, քանի որ Ռուսաստանը շուտով դուրս է գալու Արցախից։ Իբր իր դիրքերի թուլացմամբ պայմանավորված՝ Ռուսաստանը չի ցանկանում հակամարտության մեջ մտնել թուրք-ադրբեջանական տանդեմի հետ։

Փաշինյանի հայտնած այս տեղեկությունն Արցախի նախագահն ու քաղաքական ուժերն իբրեւ բոթ են ընդունել, քաղաքական դաշտը մի քանի օր է՝ գործի է դրել բոլոր կապերը՝ ՌԴ-ից ճշտելու այս տեղեկատվության հավաստիությունը։ Նախատեսել են մեկնել Մոսկվա եւ տարբեր գործիչների են խնդրել, որ իրենց «կանալներով» ճշտեն, թե որքանով է այդ ամենը համապատասխանում իրականությանը։


Երեկ մեզ ասացին, որ Ռուսաստանի բարձրաստիճան տարբեր շրջանակներից հերքել են Փաշինյանի հայտնած «նորությունը», ասել են, թե իրենք չեն պատրաստվում Հարավային Կովկասը նվիրել ուրիշներին եւ Արցախից հեռանալու մտադրություն չունեն։ Ի դեպ, առաջիկայում նաեւ ԱՀ նախագահի այց է նախատեսվում Մոսկվա, որից հետո պատկերն առավել ամբողջական կդառնա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում