Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կարող են հանդիպել Ռուսաստանում եւ եռակողմ բանակցություններ վարել Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ։ Հանդիպման նախապատրաստման մասին ասել է «Ведомости»-ի դիվանագիտական աղբյուրը։
Նրա խոսքով՝ աշխատանքն սկսվել է հոկտեմբերի 14-ին Աստանայում Պուտինի հաշտարար ելույթից հետո, երբ քննարկվել են Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքային վեճերը։ «Ведомости»-ի մեկ այլ աղբյուր նշել է, որ այդ բանակցությունները կարող են տեղի ունենալ հոկտեմբերի վերջին օրերին, որպես դրանց անցկացման հիմնական վայր դիտարկվում են Մոսկվան եւ Սոչին։ «Ամենայն հավանականությամբ, կընտրվի Սոչին»,- նշել է աղբյուրը։
Ավելի վաղ Փաշինյանի եւ Ալիեւի երկու հանդիպումներ՝ մեկը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ մյուսը՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցությամբ, տեղի են ունեցել Պրահայի Եվրոպական քաղաքական ընկերակցության գագաթաժողովում հոկտեմբերի 6-7-ին։ Մակրոնի մասնակցությամբ գագաթաժողովը, որին ներկա էր Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, ավարտվել էր հայտարարության ընդունմամբ։