«Ժամանակ» թերթի հետ զրույցում ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ պաշտպանության, ԱԱ եւ ՆԳ մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը, ով Սամվել Ալեքսանյանի քրոջ փեսան է, պատասխանել է Փակ շուկայի շինարարության վերաբերյալ հարցերին։

Պարոն Նահապետյան, Դուք չեք հայտնել Ձեր կարծիքը «Փակ շուկայում» կատարվածի վերաբերյալ,մինչդեռ մարդիկ ցույցեր են անում, բողոքում են, ինչո՞ւ եք Դուք լռում, ազգակցական կապե՞րն են պատճառը։

Բնականաբար՝ ոչ։ Տվյալ խնդրի կարգավորմամբ պետք է զբաղվեն համապատասխան մարմինները, եւ կարծում եմ՝ քննարկումների արդյունքում կկայացվի որոշում։

Սակայն այդ որոշումները կայացվում են, եւ գոնե մշակույթի ու քաղաքաշինության նախարարություններն ասում են, որ որոշումները խախտվում են։

Եթե խախտվում են, ապա խախտման դեպքում կան համապատասխան պատասխանատվության միջոցներ։ Թող իրավասու մարմինները կիրառեն, եթե խախտվում են։

Ասել է, թե Դուք համաձա՞յն եք, որ Սամվել Ալեքսանյանը պատասխանատվության ենթարկվի։

Ես նման բան չասացի։ Ընդհանրապես, ցանկացած խախտման պարագայում եթե պարզվում է, որ կոնկրետ անձը մեղավոր է այդ խախտման մեջ, ապա պետք է ենթարկվի պատասխանատվության։

Իսկ Դուք չե՞ք եղել տարածքում, չե՞ք նկատել՝ ինչ է փոխվել, ինչ է խախտվել։

Ես տեսել եմ, որ բավական դրական տեղաշարժ կա այդ տարածքում։ Եվ հարակից տարածքի բնակիչներն առանձին հավաքների ժամանակ հրապարակավ հայտնել են այդ մասին...»,- մեջբերում է «Ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):