Ուկրաինայի հակամարտությունը չպետք է ստիպի աշխարհին մոռանալ մյուս պատերազմները։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ ելույթ ունենալով Հռոմում Սուրբ Էգիդիի համայնքի «Աշխարհի ճիչը. կրոններն ու մշակույթը երկխոսության մեջ» համաժողովին, գրում է Le point-ը։
«Ուկրաինայի պատերազմը ներխուժում է մեր Եվրոպա, ցնցում է, փոխում է մեր կյանքը, բայց ես չեմ ուզում, որ այն մեզ ստիպի մոռանալ այլ պատերազմների մասին։ Օրինակ՝ Կովկասում պատերազմը, այն, ինչ կատարվում է հայ ժողովրդի հետ, Սիրիայում, Իրաքում, Սոմալիում, Մերձավոր եւ Միջին Արեւելքում պատերազմը։ Մի կողմից կա ժողովուրդ՝ ագրեսիայի զոհը, մյուս կողմից՝ առաջնորդներ, որոնք որոշել են հարձակվել, ներխուժել եւ նվաստացնել։Եվ այս իրավիճակում մի կողմ քաշվել, մտածել, որ հնարավոր է չեզոքություն պահպանել, նշանակում է ընդունել, որ ուժի օրենքը դառնում է համընդհանուր»,- մասնավորապես ասել է Մակրոնը։