Ակնկալիք կա, որ ՀԱՊԿ-ը հստակ քաղաքական գնահատական կտա Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիային եւ կընդունի ճանապարհային քարտեզ՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու վերաբերյալ։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 16-ին, ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանի հարցին, թե Հայաստանն ի՞նչ ակնկալիք ունի ՀԱՊԿ-ից։
«ՀԱՊԿ-ի կոլեկտիվ անվտանգության խորհրդի նիստում կայացվել է որոշում, որի արդյունքում խումբ է եկել Հայաստան, տեղում դիտարկել եւ գնահատել է իրավիճակը։ Մենք առաջիկայում նախաձեռնում ենք ՀԱՊԿ կոլեկտիվ անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որպեսզի քննարկենք այդ զեկույցը։ Հույս ունեմ, որ հնարավորինս արագ տեղի կունենա այդ նիստը։ Կարծում եմ՝ այդ ակնկալիքները ոչ միայն ՀՀ կառավարության ակնկալիքներն են, այլեւ Հայաստանի ժողովրդի ակնկալիքներն են»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։