«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ ընդդիմությունը հուշիկ քայլերով վերադառնում է խորհրդարան։ Նախօրեին «Հայաստան» դաշինքը մասնակցեց հայտարարությունների ժամին, իսկ երեկ «Պատիվ ունեմ» խմբակցության 4 պատգամավորներ մասնակցեցին քվեարկությանը։ Հիշեցնենք, որ գարնանից, երբ Դիմադրության շարժումը փողոցային պայքար սկսեց, ընդդիմությունը հայտարարեց ԱԺ նիստերը բոյկոտելու մասին։ Վերամբարձ հայտարարություններ հնչեցին, թե ԱԺ-ում այլեւս անելիք չունեն, պայքարը պետք է ծավալել փողոցում եւ ամեն գնով հասնել Փաշինյանի հրաժարականին։ Եվ միայն «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը պահեց խոստումը՝ պայքարի ձախողումից հետո հրաժարվեց մանդատից։

Մյուսները գագիկջհանգիրյանական՝ կույս մնալու եւ հաճույք ստանալու սկզբունքով փորձում են մանդատը չդնել, բայց ԱԺ էլ չվերադառնալ։ Անգամ խոստացած իմպիչմենթի գործընթացը չնախաձեռնեցին, եւ չհասկացվեց, թե «սեփական օրակարգով խորհրդարան վերադառնալն» ինչ է նշանակում։ Փոխարենը նիկոլական ոճով՝ դանդաղ, մանիպուլյացիաներով, փորձում են «զադնի դնել» եւ սկսել են մասնակցել քվեարկություններին, որպեսզի չզրկվեն մանդատներից․ մանդատից զրկում են քվեարկությունների կեսից ավելիին չմասնակցելու հիմքով։


Մեր տեղեկություններով, «Պատիվ ունեմ»-ի՝ ԱԺ վերադառնալու որոշումը կայացրել է Սերժ Սարգսյանը։ Նա կուսակիցներին հրահանգել է գնալ ԱԺ, քանի որ գործընթացը տանում է Փաշինյանի իմպիչմենթին։ Պատգամավորները փորձել են համոզել, որ հետողորմյան հասարակությունը վատ կընկալի՝ ապարդյուն։ «Հայաստան»-ցիների համար անակնկալ է եղել ՊՈՒ-ի վերադարձը։ Հնարավո՞ր է, որ առաջիկայում էլ դուք մասնակցեք քվեարկություններին կամ նիստերին։ «Կարող եմ միայն ասել, որ ԱԺ նիստերին չմասնակցելու մասին որոշումն ուժի մեջ է՝ այսքանը»,- փոխանցեց Ագնեսա Խամոյանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում