«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանի նման բարդ աշխարհաքաղաքական դիրքում գտնվող պետությունների համար կենսական նշանակություն ունի այնպիսի արտաքին քաղաքականություն վարելը, որը թույլ կտա արտաքին խաղացողների ներգրավվածության հետ կապված որոշակիորեն բալանս ապահովել։ Այդ բալանսի խախտումը գրեթե միշտ ծանր հետևանքներ է ունեցել։ Ու դա տեսանելի է ոչ միայն այժմյան գործընթացների մասով, այլև պատմության ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների։ Օրինակ՝ ժամանակ կար, երբ Հայաստանը հայտնվել էր Հռոմի և Պարսկաստանի «մեջտեղում»։ Եվ երկու տերություններն էլ փորձում էին Հայաստանում հաստատել իրենց գերակայությունը։
Սակայն Հայաստանին հաջողվում էր իր անկախությունը պահպանել այն ժամանակ, երբ մեր թագավորները կարողանում էին ճկուն մանևրել ու բալանս ապահովել երկու տերությունների միջև։ Եվ երբ բալանսը խախտվում էր Հռոմի կամ Պարսկաստանի կողմը, Հայաստանը նվաճվում էր կամ ծանր վիճակի մեջ էր հայտնվում։ Իսկ Կիլիկիայի հայկական թագավորությանն ուղղակի հաջողվում էր ոչ միայն բազմակողմ և ճկուն դիվանագիտություն վարել բոլոր կողմերի հետ, այլև բալանսավորել հարաբերությունները նույնիսկ շրջակա մահմեդական պետությունների հետ։ Թերևս այդպիսի խելամիտ արտաքին քաղաքականության արդյունքում էր, որ արտաքին փոթորիկների պայմաններում Կիլիկիայի հայոց թագավորությունը կարողացավ մի քանի դար շարունակ գոյատևել։
Ճիշտ է՝ ՀՀ նախկին իշխանություններին շատ հարցերում քննադատում են, բայց նրանց հաջողվում էր միջազգային հարաբերություններում ճկունություն դրսևորել, կոմպլեմենտարության շրջանակներում աշխատել բոլոր կողմերի հետ, գտնել շահերի միացման կետեր, չհայտնվել գերտերությունների բախման կիզակետում։ Թերևս այս հանգամանքով էր պայմանավորված, որ Հայաստանը մի կողմից՝ դարձավ ԵՏՄ անդամ, իսկ մյուս կողմից էլ՝ կարողացավ ԵՄ-ի հետ 2017 թվականին «Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիր կնքել, ինչը կարելի է իրոք դիվանագիտական մեծ հաղթանակ համարել։ Այնինչ, նույն ժամանակահատվածում, օրինակ՝ Ուկրաինան և Վրաստանը չկարողացան նման ճկունություն դրսևորել, և ամբողջովին թեքվելով դեպի Արևմուտք՝ բարդացրեցին իրենց հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Ուկրաինայի շրջադարձը պատճառ դարձավ նախ Ղրիմը կորցնելուն, իսկ ներկա փուլում այդ երկիրն ուղղակի ռազմական թատերաբեմի է վերածվել նույն Արևմուտքի պատճառով։
Իսկ ինչ վերաբերում է Հայաստանի ներկա դրությանը, ապա Փաշինյանի գլխավորած իշխանությունն անընդհատ կտրուկ շրջադարձեր է փորձում կատարել, ինչը շատ լուրջ վտանգ է ստեղծում մեր պետականության համար, քանի որ Հայաստանը հայտնվում է մեծ պետությունների շահերի բախման կիզակետում։ Նախ՝ հաշվի առնելով ՌԴ-ի պատկառելի ներկայությունը տարածաշրջանում՝ ՀՀ-ի շրջադարձը դեպի Արևմուտք ուղղակի կարող է նոր կորուստների պատճառ դառնալ, քանի որ Արևմուտքն այնպիսի ներկայություն չունի մեր տարածաշրջանում, որ Հայաստանին պաշտպանի թուրք-ադրբեջանական ագրեսիայից։ Մինչ Արևմուտքից դեկլարատիվ դատապարտող կոչեր կհնչեցնեն, Հայաստանը կդառնա նոր ագրեսիայի զոհ։ Առաջին Հանրապետության պատմության դասերը ևս ցույց են տվել, թե ինչպես Արևմուտքը 1920 թվականին Հայաստանին քեմալական Թուրքիայի ագրեսիայից պաշտպանելու համար ոչինչ չձեռնարկեց։
Մյուս կողմից էլ՝ արևմտյան արտաքին քաղաքական ուղղությունն ընդհանրապես մերժելն է վտանգավոր, քանի որ այդ դեպքում ՀՀ-ն ուղղակի կդառնա պատժամիջոցների թիրախ, որի արդյունքում մեր առանց այն էլ ծանր վիճակում գտնվող տնտեսությունը կսկսի սուզվել, Հայաստանը տեխնոլոգիական և ֆինանսական հասանելիության առումով դժվարություններ կունենա։ Իսկ ինչքան ՀՀ-ն փորձի բոլոր կողմերի հետ աշխատել ու հակակշռել դրանք միմյանց հետ, այնքան կկարողանա մի կողմից՝ ՌԴ-ի հետ զարգացնել ռազմավարական հարաբերությունները, իսկ մյուս կողմից՝ փոխգործակցել Արևմուտքի հետ։ Այս տրամաբանությունը պետք է գործի նաև այլ խաղացողների հետ հարաբերությունների դեպքում։ Օրինակ՝ Հայաստանը պետք է կարողանա միաժամանակ զարգացնել իր հարաբերությունները Իրանի, Չինաստանի, Հնդկաստանի և մյուս գործընկերների հետ։ Այս ամենի հետ մեկտեղ մեր խնդիրն է դասեր քաղել պատմությունից և տարածաշրջանային և արտատարածաշրջանային այլ ուժերի միջոցով փորձել զսպել Թուրքիայի հեռուն գնացող հավակնությունները։
Մի խոսքով, Հայաստանի իշխանությունները, ինչքան էլ առաջնորդվեն միայն պահի թելադրանքով ու սոսկ իրենց իշխանությունը պահելու մարմաջով պայմանավորված որոշումներով, միևնույնն է, պետք է հստակ գիտակցեն, որ իրենց արտաքին քաղաքական կտրուկ շրջադարձերը կարող են արկածախնդրություն դառնալ ու առանց այն էլ մեր բարդ դրությունն ավելի բարդացնել։ Մի խոսքով բալանսավորված, ճկուն քաղաքականությունն ուղղակի անհրաժեշտություն է: Բայց դա պետք է անել ոչ թե կեղծ, ապաշնորհ «շուստրիության», այլ գրագետ քայլերի միջոցով, ինչը ներկա իշխանություններից ակնկալելն ուղղակի հիմարություն է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում