Սոչիում ընդունված հայտարարությունը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման «նոր շունչ» է բացում։ Այս մասին ասել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը՝ թղթակցի խնդրանքով մեկնաբանելով Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպման արդյունքում նախօրեին Սոչիում ընդունված հայտարարությունը։
Հարցին, թե արդյոք փաստաթուղթը չի պարունակում ընդհանուր ձեւակերպումներ, եւ արդյոք արտացոլում է սպասումները, նախարարը պատասխանել է. «Նման տպավորություն կարող է ստեղծվել միայն առաջին հայացքից։ Որովհետեւ լրիվ գնահատական տալու համար անհրաժեշտ է դիտարկել փաստաթուղթը զուտ պրոֆեսիոնալ տեսակետից, ոչ միայն փաստաթուղթն ինքը, այլեւ նախորդող իրադարձությունները, հանդիպումից հետո ասվածը, այդ շատ կարեւոր միջոցառման բոլոր մանրամասները։
Նախ՝ մենք շատ դրական ենք գնահատում հանդիպումը, այն շատ կարեւոր է։ Բանակցությունները եւ հայտարարությունն ինքը ցույց են տալիս, որ ղարաբաղյան հակամարտությունը լուծված չէ։ Այո, ոչ մի տեղ Ղարաբաղը նշված չէ, բայց նշված չէ նաեւ այն, որ հակամարտությունը լուծված է։ Ռուսաստանի նախագահը նաեւ նշում է, որ մի ամբողջ շարք հարցերի վերաբերյալ չի հաջողվել, ասենք, ընդհանուր հայտարար գտնել։ Բայց գործընթացը պետք է շարունակվի։ Փաստորեն, գլխավոր շեշտը դրվում է տարածաշրջանում խաղաղության եւ կայունության պահպանման վրա, եւ ժամանակի գործոնը նույնպես ընդգծվում է, որ պետք է աշխատել այդ ուղղությամբ։
Այո, շատերն էին կարծում, թե հանդիպման ժամանակ հակամարտության վերջնական լուծում է լինելու։ Բայց դա, իհարկե, միամիտ մոտեցում է, քանի որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը ամենաբարդերից է, եթե ամենաբարդը չէ մեր մոլորակի վրա։ Մանավանդ, եթե համեմատենք հայտարարությունը եւ մինչեւ դրա ընդունումը շրջանառվող կարծիքները, երեւում է ակնհայտ առաջընթաց այն ուղղությամբ, որ թույլ չտրվի Ղարաբաղի անեքսիան Ադրբեջանի կողմից եւ ավելի երկար կարգավորման պատրաստություն լինի, ինչը շատ կարեւոր է։ Ուստի, մենք կարծում ենք, որ հանդիպումը դրական եւ օգտակար էր, եւ այն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման «նոր շունչ» է բացում։ Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի Դաշնության միջնորդական առաքելությունը։ Մեզ համար Ռուսաստանը եղբայրական երկիր է, եւ ռուս ժողովուրդը եղբայր ժողովուրդ է։ Բայց սա չի նշանակում, թե մենք դեմ ենք որեւէ մեկին, այդ մասին ասվել է նաեւ Ստեփանակարետի հանրահավաքում։ Ոչ ոք իրավունք չունի նախատել մեզ սրանում»։