ՀՀ պատպանության նախարարության նախաձեռնած հրաձգության դասընթացներին մասնակցելու գործընթացում բավական ակտիվություն է գրանցվել։ Մասնակցության հայտերի ընդունման ժամանակահատվածը նախատեսված էր հոկտեմբերի 17-30-ը ներառյալ։ «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը: Ըստ նրա՝ մասնակցության հայտ է ներկայացրել շուրջ 1500 քաղաքացի, որից 1300-ը իգական, իսկ 200-ն՝ արական սեռի ներկայացուցիչներ են։ Հրաձգության դասընթացները նախատեսված են զինվորական ծառայություն չանցած քաղքացիների համար։ Մեկնարկային փուլը տրվում է Երևանում։
«Մասնակիցների աշխատանքային հնարավոր զբաղվածությունը հաշվի առնելով՝ նախատեսում ենք հրաձգության դասընթացներն անցկացնել շաբաթ և կիրակի օրերին։ Հրաձգության առաջին դասընթացը կանցկացվի նոյեմբերի 5-ին։ ՊՆ-ի տրանսպորտային միջոցներով մասնակիցները կենտրոնական հավաքակայանից կտեղափոխվեն հրաձգարան։ Նրանք ապահովված կլինեն սննդով։ Ասեմ, որ ստեղծված են լինելու բոլոր հարմարությունները»,-ասել է Արամ Թորոսյանը։
Պաշտպանության նախարարությունը ներկայում իրականացնում է խմբերի բաշխում։ Պատասխանատուները վստահեցնում են, որ բոլոր գրանցվածները դասընթացներին մասնակցելու հնարավորություն են ունենալու։