ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով ծառայության մամուլի խոսնակ Նաբիլա Մասրալին հայտարարություն է տարածել նոյեմբերի 3-ին Բրյուսելում Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի երրորդ նիստի վերաբերյալ:
«Եվրոպական Միությունը Բրյուսելում հյուրընկալել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանային հանձնաժողովների երրորդ հանդիպումը: Հանդիպումը հաջորդել է Եվրոպական խորհրդի (նախագահ) Շառլ Միշելի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Բրյուսելում անցկացրած բարձր մակարդակի հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին:
Եվրոպական Միությունը բարձր է գնահատում կառուցողական մթնոլորտը, որում անցել է հանդիպումը և կողմերի պատրաստակամությունը՝ շարունակել աշխատանքը սահմանային խնդիրները լուծելու, ինչպես նաև անվտանգային իրավիճակը բարելավելու ուղղությամբ»,- ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ նիստը կայացել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ:
Մինչ նիստի մեկնարկը Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության գլխավոր քարտուղար Ստեֆանո Սանինոն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակություններին, հաջողություն է մաղթել հանձնաժողովների աշխատանքներին և վերահաստատել ԵՄ պատրաստակամությունը հետագայում ևս օժանդակություն ցուցաբերել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերում:
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևն իրենց ողջույնի ելույթներում երախտագիտություն են հայտնել ԵՄ խորհրդին հանդիպման լավ կազմակերպման համար։
Հաշվի առնելով Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մակարդակով տարբեր ձևաչափերում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ կողմերը շարունակել են սահմանազատման հարցերի քննարկումը, անդրադարձ են կատարել կազմակերպչական և ընթացակարգային հարցերի։
Հանձնաժողովների համատեղ գործունեության իրավական շրջանակների ձևավորման նպատակով՝ կողմերը պայմանավորվել են արագացնել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության ու Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության կարգի համաձայնեցման աշխատանքները:
Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով որոշել հանձնաժողովների չորրորդ նիստի անցկացման ամսաթիվը և վայրը։