ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն այսօր՝ նոյեմբերի 7-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ «Սիլ պլազա» բիզնես կենտրոնի սեփականաշնորհման օրինականությունը վիճարկելու Գլխավոր դատախազության պահանջին։
«Ես շատ ուրախ եմ, որովհետեւ եթե պետությանը վնաս է հասցվել, օրենքի կետ է խախտվել, ապա պետական մարմինները մինչև վերջ պետք է հասկանան՝ ինչ է կատարվել և օրենքը պետք է պաշտպանվի»,- ասաց Սուքիասյանը։
Լրագրողների դիտարկմանը, թե ինչպես կմեկնաբանի այն, որ տարածքը «ջրի գնով է վաճառվել», Սուքիասյանը ասաց․ «Ո՞վ է ասել՝ «ջրի գնով», գույքը այսպես է ձեռք բերվել․ մեզ երկար ժամանակ համոզել են, որ դա քաղաքի կենտրոնում է, դուք ունեք գումարներ, խնդրում ենք ձեզ՝ վերցրեք, մենք ասել ենք, որ չենք ուզում, որովհետև չենք տեսել դրա նպատակահարմարությունը։ Ինձ իմ հայրիկն է համոզել՝ երկար բանակցություններից հետո։ Մենք հասկանում էինք, որ եթե շենքը վերակառուցվի, մենք այդ բակում տարբեր խնդիրների էինք առնչվելու, և եղան այդ խնդիրները՝ 4 բնակարան ասացին, ձեռք բերեցինք 5-ը և այլն»։
Սուքիասյանը նշեց, որ դժվար է այն շենք անվանելը, քանի որ ի սկզբանե գնել է 4 մետրանոց պատ. «Եղել է մի պատ՝ մոտ 4 մետր բարձրությամբ, հետո այն բարձրացվել է, բակում եղել են տարբեր փոքրիկ տներ, որոնք քանդվել են։ Մի պատ է եղել, մնացածը տանջանքով, չարչարանքով կառուցել ենք ու բացումը եղել է 1998 թ.-ին։ Սկզբնական շրջանում այնտեղ կետ կար, որտեղ պետք է լիներ պատկերասրահ, բայց այն չի արդարացրել իրեն։ Շատ ուրախ եմ, երջանիկ եմ, թող պատկան մարմինները այդ հատվածը ուսումնասիրեն, հասկանան։ Ես գիտեմ` մեր համակարգը ինչպիսին է, ես պատասխան եմ տալիս իմ բոլոր գործողությունների համար։ Հնարավոր է՝ ինչ-որ թյուրիմացություն, շփոթմունք եղած լինի, բայց մենք օրենք չենք խախտում, դա մեր ընտանիքում ի սկզբանե դրված է եղել։ «Սիլ պլազան» կառուցվել է մի քանի տարի, տասնյակ միլիոններ են ծախսվել դրա վրա, հիմա մարդիկ դնում են այդ նկարները՝ ասում 5000 դոլարով է վաճառվել, դա ինչ անելու բան է, ձեռք է բերվել մի պատ, որի արդյունքում 5 ընտանիքի տրվել է 5 բնակարան, ի՞նչ կապ ունեն այդ պատը և «Սիլ պլազան»»,- ասաց Խաչատուր Սուքիասյանը։
Հարցին՝ մինչև Դատախազության գործողությունները այս հարցով քննարկում ունեցե՞լ է Նիկոլ Փաշինյանի հետ, Սուքիասյանը պատասխանեց․ «Բացառված է ես Նիկոլ Փաշինյանի հետ քննարկում ունենամ, դա նշանակում է՝ մյուս օրվանից ես Խաչատուր Սուքիասյանը չեմ, Նիկոլ Փաշինյանն էլ Նիկոլ Փաշինյանը չէ, ես ինձ թույլ չեմ տա»։
Հարցին՝ ինչու վաճառված տարածքը, որտեղ պետք է լիներ պատկերասրահ, չի ծառայել իր հիմնական նպատակին, Սուքիասյանը ասաց, որ դա պայմանավորված է շուկայական հարաբերություններով, այն եկամտաբեր չէր լինելու։
Դատախազությունը պահանջում է զրկել Սուքիասյաններին «Սիլ պլազայի» սեփականության իրավունքից․ քրգործ է հարուցվել