ՌԴ պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ Ադրբեջանը խախտել է հրադադարի ռեժիմը Ղարաբաղի Ասկերանի շրջանում։

«Նոյեմբերի 5-ին՝ ժամը 12.30-ին, ադրբեջանական դիրքից հրաձգային զենքից կրակ են բացել գյուղատնտեսական տեխնիկայի օգտագործմամբ հողային աշխատանքներ կատարող բնակչի ուղղությամբ՝ Խրամորթից 1,8 կմ դեպի արեւելք ընկած տարածքում։ Գնդակոծության հետեւանքով տեխնիկան աննշան վնասվածքներ է ստացել, բնակիչը չի տուժել», - նշվում է ՌԴ ՊՆ հաղորդագրությունում։


Փաստի առթիվ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարությունը ադրբեջանական կողմի հետ համատեղ հետաքննություն է անցկացնում։

Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը նոյեմբերի 5-ին հայտարարել էր, որ ադրբեջանական մարտական ​​դիրքից կրակ են բացել Խրամորթ գյուղի իր հողատարածքում աշխատող Ստեփանակերտի բնակչի տրակտորի ուղղությամբ։ Կրակոցների հետեւանքով վնասվել է քաղաքացու տրակտորը, միջադեպի վերաբերյալ տվյալներ են փոխանցվել ռուսական խաղաղապահ կոնտինգենտին։