Համավարակից ու պատերազմից հետո, երբ հայ արտադրողի համար դժվար ժամանակներ էին, «Buy Armenian» հարթակը շատ արդյունավետ աշխատանք է կատարել։ Yelaket.am-ի հետ զրույցում պատմել է «Կեռաս» չրերի արտադրության հիմնադիր Վիկտորիա Սուքիասյանը՝ խոսելով բրենդի ամերիկյան շուկա մուտք գործելու, առաջխաղացման և դեկտեմբերի 10-11-ին Լոս Անջելեսում կայանալիք «Ամանորի սպասումով» հայկական տոնավաճառի մասին։
Վիկտորիա Սուքիասյանը նշել է, որ համագործակցությունը «Buy Armenian» հարթակի հետ սկսվել է, երբ այն դեռ առաջին քայլերն էր անում։ «Buy Armenian»-ը ստեղծվել է Լիլիթ և Նշան Օդաբաշիանների կողմից որպես ԱՄՆ-ում հայկական ամենատարբեր արտադրանքի վաճառք իրականացնող հարթակ։ Այս հարթակի միջոցով բազմաթիվ հայ արտադրողներ ներկայացել են ԱՄՆ-ում և վաճառել իրենց կողմից ստեղծված արտադրանքը։
Վիկտորիա Սուքիասյանը պատմել է․ «Սկզբում ավելի շատ էին գնում, հիմա մի փոքր նվազել է սպառումը, բայց ես դա կապում եմ նաև նրա հետ, որ հետպատերազմյան ընթացքում ավելի մեծ էր աջակցելու և օգտակար լինելու ցանկությունը, վերելքը, երևի թե բոլորը, նույնիսկ եթե այդքան էլ դրա կարիքը չունեին, փորձում էին ինչ-որ բան գնել Հայաստանից։ Հիմա ավելի սովորական ու կայուն ընթացքի մեջ ենք»։
Դեկտեմբերի 10-11-ին Գլենդելի Սիվիք Աուդիտորիումում կայանալիք «Ամանորի սպասումով» հայկական տոնավաճառին Վիկտորիա Սուքիասյանն անձամբ է մասնակցելու և ներկայացնելու է «Կեռաս»-ը։
«Տոնավաճառին մասնակցելը, հաճախորդի հետ տեղում՝ երես առ երես շփումը, ինձ համար շատ կարևոր կլինի, միգուցե կհասկանամ մարդկանց նոր կարիքները, ինչը մեզ հնարավորություն կտա նոր և հետաքրքիր ուղղությամբ զարգացնելու մեր բիզնեսը։ Դա է նպատակը»,- ասել է Yelaket.am-ի զրուցակիցը։
Խոսելով «Buy Armenian»-ի դերակատարության և աշխատանքի արդյունավետության մասին Վիկտորիա Սուքիասյանը նշել է․ «Իրենք ահռելի աշխատանք են կատարում, պարզապես չգիտեմ՝ երբ և ինչպես հնարավորություն կլինի այտահայտելու այդ գոհունակությունը բառերով, սակայն ինչ էլ ասենք՝ քիչ կլինի։ Նրանք չեն հոգնում, չեն հուսահատվում, շարունակում են քրտնաջան մեղուների պես այդ ամենն առաջ տանել։ Երևի թե, եթե չլիներ Օդաբաշիանների նկատմամբ անսահման վստահությունը, հավատը և իրենց մոտեցումը հնարավոր է մեր համագործակցությունը չշարունակվեր, բայց իրենք այնքան ոգևորող են, շարժիչ ուժ են, և ուստի փորձում ես իրենց համապատասխանել, չհուսահատեցնել»։
«Կեռաս» ապրանքանիշը զբաղվում է չոր մրգերի արտադրությամբ, որը հիմնել են Վիկտորիայի ծնողները դեռևս 1999 թվականին, իսկ «Կեռաս»-ը որպես բրենդը հիմնվել է 2018 թվականին վերջինիս կողմից։ «2018թ․-ից Կեռասը շուկայում է և միայն հաճախորդների գոհութնակությունն է դեռևս վայելում»,- ասել է Yelaket-ի զրուցակիցը։
Ավելի վաղ Yelaket.am-ը խոսել է նաև Նշան Օդաբաշյանի հետ, որը համոզված է՝ «Ամանորի սպասումով» տոնավաճառն իսկապես լավ հնարավորություն է բոլոր կողմերի համար, և քանի որ, տոնավաճառը սուրբ ծննդյան տոներին ընդառաջ է, ապա բոլոր մասնակիցները կարող են հարազատների համար «հայկական նվերներ» գնել։
Վիկտորիա Սուքիասյանը խոսել է նաև «Կեռաս»-ի որակական հատկանիշների մասին։ «Մեր արտադրանքը պրեմիում դասի է, որը ենթադրում է քիչ քանակությամբ արտադրություն։ Եթե մենք սկսենք շատ-շատ մեծացնել ծավալները, բնականաբար, չենք կարողանա որակը վերահսկել, մենք փոքրիկ ընտանեկան արտադրություն ենք և չենք ուզում այդ ձևաչափից դուրս գալ։ Կարծում եմ, որ այսօր հենց նմանատիպ արտադրություններն ավելի սիրված ու գնահատված են, մարդիկ փնտրում են հենց այդպիսի ջերմ ընտանեկան արտադրանք»,- եզրափակել է նա։
Այսպիսով, կազմակերպիչներն ընդգծել են, որ «Ամանորի սպասումով» տոնավաճառի տաղավարների ամրագրման գործընթացն արդեն սկսել է, և եթե կան տնտեսվարողներ, որոնք ցանկանում են մասնակցել, ապա անհրաժեշտ է զանգահարել 866 207 1466 հեռախոսահամարին կամ գրել [email protected] էլեկտրոնային հասցեին։