Եթե ուշադրություն դարձնենք Ադրբեջանի նախագահի ելույթներին, նա, ըստ էության, սպառնում է բոլորին՝ Ռուսաստանին, Ամերիկայի Միացյալ Նահանգներին, Ֆրանսիային, Իրանին, Եվրոպական միությանը: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 10-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ նոյեմբերի ութին արած հայտարարություններին։
«Ադրբեջանը շարունակում է նաև խոչընդոտել Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացին, որն անկասկած կարող է նպաստել տարածաշրջանային կայունությանը:
Իհարկե, հասկանում եմ, որ գլոբալ էներգետիկ օրակարգը ոգևորել է Ադրբեջանի նախագահին, բայց կարծում եմ նաև, որ ժամանակն է, որ միջազգային հանրությունը համագործակցաբար կոնկրետ միջոցներ ձեռնարկի տարածաշրջանի խաղաղությանը, կայունությանը, անվտանգությանը, ժողովրդավարությանը ահագնացող սպառնալիք դարձած Ադրբեջանի գործելակերպի առիթով:
Մանավանդ որ, մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը շարունակում է Հայաստանին անհիմն մեղադրել հրադադարի ռեժիմը խախտելու մեջ: Փորձը ցույց է տալիս, որ նման կեղծ լուրերի տարածումը նոր ագրեսիայի նախաբան է դառնում: Առիթ ունեցել եմ ասելու, որ երբեմն Ադրբեջանը Հայաստանի օկուպացված տարածքներում տեղադրված իր դիրքերի միջև փոխհրաձգություն է իրականացնում՝ Հայաստանին մեղադրելու համար: Եվ սա դարձել է կրկնվող գործելակերպ:
Պիտի արձանագրեմ, որ Ադրբեջանը շարունակաբար խախտում է նաև 2020 թվականի նոյեմբերի եռակողմ հայտարարության 8-րդ կետը՝ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց փոխանակման վերաբերյալ՝ շարունակելով կալանքի տակ պահել Հայաստանի Հանրապետության բազմաթիվ քաղաքացիների և փորձելով հումանիտար այս խնդիրը դարձնել մանր սակարկության առարկա»,-ասաց նա: