Չինական նոր անօդաչուն՝ Wing Loong 3-ը, թռիչքի միջմայրցամաքային հեռահարություն ունի եւ կարող է զինվել ռումբերով եւ հրթիռներով, այդ թվում՝ «օդ-օդ» դասի։ Անօդաչու թռչող սարքը առաջիկայում պետք է կատարի իր առաջին թռիչքը։

Առաջին անգամ Airshow China 2022 ցուցահանդեսում ցուցադրված Wing Loong 3 դրոնը կարող է կատարել միջմայրցամաքային թռիչքներ եւ առաքելություններ մեծ հեռավորությունների վրա, գրել է Global Times-ը։


Հայրենական եւ աւտասահմանյան այլ անօդաչուների համեմատ՝ Wing Loong 3-ը ամենածանրն է, ասել է Wing Loong 3-ի գլխավոր կոնստրուկտոր Չժոու Ին։

Wing Loong-ի սերիայի ավանդական աերոդինամիկ կոնստրուկցիան ժառանգելով՝ Wing Loong 3-ը շատ ավելի մեծ է՝ 24 մետր։ Անօդաչուն ստեղծողների խոսքով՝ սա կբավարարի չինացի եւ օտարերկրյա օգտատերերի՝ «միջտարածաշրջանային հեռավոր թռիչքների եւ ընդլայնված առաքելությունների» պահանջարկը։

Անօդաչուն բնութագրվում է թռիչքի մեծ հեռահարությամբ, մեծ օգտակար ծանրաբեռնվածությամբ եւ բազմաթիրախային հնարավորություններով։ Չժոուի խոսքով՝ Wing Loong 3-ի հիմնական բնութագրերը, ներառյալ թռիչքի հեռավորությունը, դիմացկունությունը եւ թռիչքի կրեյսերյան բարձրությունը, ամենաբարձրն են ամբողջ աշխարհում։

Դրոնը կարող օգտակար շատ բեռներ կրել, այդ թվում հակառադիոակտիվ հրթիռներ, կառավարվող ռումբեր, հիդրոակուստիկ համակարգեր, կասետային ռումբեր, կապի հետախուզական միջոցներ, կառավարվող հրթիռներ, հիդրոակուստիկ հետախուզության միջոցներ, զինամթերք եւ անգամ «օդ-օդ» հրթիռներ, ինչն այն դարձնում է օդում մարտ վարող անօդաչու։

Վերլուծաբանների խոսքով՝ այն կարող է կատարել ռազմական եւ քաղաքացիական առաջադրանքներ, ներառյալ միջտարածաշրջանային ռազմական հետախուզություն, մարտական գործողություններ առճակատման պայմաններում եւ վթարային-փրկարարական գործողություններ։

Քանի որ անօդաչուի ստեղծման բոլոր ընթացակարգերն ընթանում են ըստ պլանի, սպասվում է, որ Wing Loong 3-ը շուտով կկատարի առաջին թռիչքը եւ որքան հնարավոր է արագ պատրաստ կլինի շահագործման, ասել է Չժոուն։