Ֆուտբոլի Ռուսաստանի հավաքականի եւ ռուսական «Ռոստովի» գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը հաստատել է, որ առաջարկ է ստացել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից, սակայն չի ընդունել այն։
Իսպանացի Խոակին Կապառոսի պաշտոնանկությունից հետո Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի ժամանակավոր պաշտոնակատարն է թիմի դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին։
«Այո, հեռախոսազանգ եղել է Հայաստանից, լսեցի առաջարկը։ Լավ առաջարկ էր։
Չհետաքրքրեց, քանի որ ես Ռուսաստանի հավաքականի եւ «Ռոստովի» մարզիչն եմ»,- Վալերի Կարպինի խոսքը մեջբերում է sport-express.ru-ն։
Կարպինը Ռուսաստանի հավաքականը գլխավորում է 2021թ․ հուլիսի 26-ից։ Նոյեմբերի 5-ին Ռուսաստանի ֆուտբոլային միությունը երկարաձգեց պայմանագիրը Կարպինի հետ մինչեւ 2024թ․ օգոստոս։
Այս շաբաթ Հայաստանի հավաքականը կանցկացնի երկու արտագնա ընկերական հանդիպում։ Նոյեմբերի 16-ին ազգային թիմը կհյուրընկալվի Կոսովոյին, նոյեմբերի 19-ին՝ Ալբանիային։