Ադրբեջանի Պետանվտանգության ծառայությունը (ՊԱԾ) զեկուցել է «իրանական լրտեսական ցանցի» բացահայտման մասին։

Ինչպես տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները, «ՊԱԾ-ին հաջողվել է պարզել, որ Կասպից ծովի ծովային նավթային նավատորմի նավի կապիտան Զահիր Ասկերովը, Կումում կրոնական կրթություն ստանալով, գաղտնի համագործակցության մեջ է մտել Իրանի հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ։ Անցած շրջանում Ասկերովը տեղեկություններ է հավաքել Ադրբեջանում օտարերկրյա ընկերությունների եւ օտարերկրյա պետությունների ներկայացուցչությունների, Կասպից ծովում ռազմածովային նավատորմի զորավարժանքների, նավթային պլատֆորմներ հասցված բեռների մասին՝ դրանք փոխանցելով բջջային հեռախոսով, ինչպես նաեւ Իրանի իր կուրատորների հետ անմիջական հանդիպումների ժամանակ։


Մեկ այլ հետաքննություն ցույց է տվել, որ քաղաքացի Էլնուր Ռասուլովը, 2018թ. գտնվելով Իրանում, պայմանավորվել է գաղտնի համագործակցել հատուկ ծառայությունների հետ երկու կուրատորների միջոցով, որոնք ներկայացել են որպես «Մեյսե» եւ «Դոկտոր»։ Այնուհետեւ Ռասուլովը այս գործին ընդգրկել է ազգականին՝ Արիֆ Ռասուլովին, եւ նրա հետ միասին WhatsАpp-ով լուսանկարել է նավթա- եւ գազատարների տեղերը Բաքվի Գարադաղի շրջանում, պաշտպանության նախարարության եւ պետական սահմանապահ ծառայության անօդաչուներն օդանավակայանում, այն տարածքը, որտեղ պահվում են տանկերը եւ տարբեր ռազմական սարքավորումները Բաքվի «Տեխնոֆեսթ» ցուցահանդեսից, ռազմավարական եւ ռազմական օբյեկտները, զենիթահրթիռային համալիրները, ինչպես նաեւ Բաքվի, Սալյանսկի եւ Ֆիզուլիի շրջանի ռադիոլոկացիոն վերահսկման այլ օբյեկտներ։

Պարզվել է նաեւ, որ Ադրբեջանի մեկ այլ քաղաքացի՝ Բախթիյար Աղազադեն, հավաքագրվել է իրանական հատուկ ծառայությունների կողմից։ Նա նույնպես կրոնական կրթություն էր ստացել այդ երկրում։ Իր կուրատորների հանձնարարությամբ՝ Աղազադեն տեղեկություններ է հավաքել Ադրբեջանում գրծող օտարերկրյա պետությունների ներկայացուցչությունների, երկրում տեղի ունեցող հասարակական-քաղաքական գործընթացների, զորամասերի, դրանց տեղակայման վայրերի եւ նշանակության, այդ թվում հրամկազմի մասին եւ դրանք փոխանցել է իրանական հատուկ ծառայություններին։

Պարզվել է նաեւ, որ քաղաքացի Միրհաֆիզ Ջաֆարզադեն, կատարելով 2018-ից միջազգային հետախուզման մեջ գտնվող եւ այժմ Իրանում թաքնվող Օրհան Մամեդովի հանձնարարությունները, փոխանցել է ռազմական նշանակության օբյեկտների գտնվելու վայրի մասին եւ այլ տեղեկություններ իրանական հատուկ ծառայություններին Թելեգրամի միջոցով։

Զահիր Ասկերովը, Էլնուր Ռասուլովը, Արիֆ Ռասուլովը, Միրհաֆիզ Ջաֆարզադեն եւ Բախթիյար Աղազադեն պատասխանատվության են ենթարկվել 274-րդ հոդվածով (պետական դավաճանություն) եւ դատարանի վճռով ձերբակալվել են։

Հետաքննության ընթացքում պարզվել է, որ իրանական հատուկ ծառայությունների հրահանգով գործող եւ Իրանում քրեական հետապնդումից թաքնվող Թոհիդ Իբրահիմբեյլին, Օրհան Մամեդովը, Էլշադ Հաջիեւը եւ մյուսները WhatsApp մեսենջերում ստեղծել են փակ խմբեր՝ «Քննարկումներ», եւ «Հայտարարություններ» անուններով, այնտեղ ընդգրկելով ադրբեջանցի քաղաքացիների, եւ այդ խմբերի միջոցով տարածել են արմատական, կրոնական-ծայրահեղական գաղափարներ, որոնք հակասում են մարդու իրավունքների մասին ժամանակակից միջազգային իրավունքներին, Ադրբեջանի Հանրապետության Սահմանադրությանը, եւ որոնք նպատակ են ունեցել Ադրբեջանում կրոնական պետության ստեղծումը»։