Այս տարվա առաջին 10 ամիսների տվյալներով Հայաստան է այցելել մոտ 1,4 մլն զբոսաշրջիկ:
Վիճակագրության կոմիտեի տվյալներով, զբոսաշրջիկների ընդհանուր թվի շուրջ 46 տոկոսը եկել են Ռուսաստանից: Երկրորդ տեղում Վրաստանն է, որն այս տարի առաջ է անցել Իրանից: Վրաստանից Հայաստան է այցելել զբոսաշրջիկների ընդհանուր թվի 8 տոկոսը, իսկ Իրանից՝ 7 տոկոսը:
Հատկանշական է, որ զբոսաշրջիկների ամենամեծ հոսքը գրանցվել է օգոստոսին՝ 261 834, որից ռուսաստանցիներ են 135 հազարը: Սեպտեմբերին Հայաստան եկած ռուսաստանցիները եղել են 97 հազար, հոկտեմբերին՝ արդեն 76 հազար:
Հիշեցնենք, որ այս տարվա առաջին 6 ամիսներին Հայաստան էր ժամանել 588 731 զբոսաշրջիկ, ինչը 2,4 անգամ ավելի էր նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից:
Հատկանշական է, որ 588 հազար զբոսաշրջիկներից 54,5 տոկոսը եղել են Ռուսաստանից (աճը՝ 3,1 անգամ), 12,2 տոկոսը՝ ԵՄ երկրներից (աճը՝ 3,4 անգամ): Այլ երկրներից Հայաստան ժամանողները կազմել են 33,3 տոկոս (աճը՝ 2,6 անգամ):
Ուկրաինայից Հայաստան ժամանողները կազմել են ընդամենը բոլոր տուրիստների 1,3 տոկոսը, որը նախորդ տարվա համեմատ ավելի է 75 տոկոսով: