«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Դատաիրավական բարեփոխումների անվան տակ այդ համակարգի անկախությունը վերջնականապես սպանած Նիկոլ Փաշինյանի իշխանությունը որոշել է հետողորմյա անել ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Ջհանգիրյանի ներդրած նորարարությունը, երբ կալանքի գործերը քննում էին առանձին դատավորներ:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ դատական համակարգը եւ իրավապահ համակարգը քննարկել են մինչդատական վարույթով դատարանի գործունեությունը եւ եկել այն համոզման, որ անհրաժեշտ է փակել վերջերս ձեւավորված դատարանը եւ տուն ուղարկել Աջափնյակի նստավայրում հավաքված «կալանք տվող» դատավորներին:
Գուցե հետանցում լինի նախկին մոդելին, երբ դատարանները հերթապահություն էին իրականացնում, եւ օրվա հերթապահ դատավորն էր քննում օրվա ընթացքում ներկայացված կալանքի միջնորդությունները: ՀՀ երրորդ իշխանության հետ այս քննարկման պատճառը եղել է այն, որ իրավապահ համակարգը խայտառակ բացահայտում է արել Աջափնյակի դատարանի՝ «կալանք տվող» դատավորների գործունեության մասով՝ պարզելով, թե ինչ մեխանիզմներ են գործել, եւ ինչպես է որոշվել՝ ում կալանքը որ դատավորը քննի:
Նկատենք, որ 1,5 տարի առաջ «կալանք տվող» դատավորների՝ տխրահռչակ Աջափնյակ-1 դատարանում աշխատելու համար ընտրվեցին մարդիկ, որոնք խնդիր չունեին ցանկացածին կալանք ապահովելու հարցում:
«Կալանք տվող» դատավորները հաջողությամբ կատարում էին իրենց խնդիրը, եւ քաղաքական հնչեղություն ունեցող գործերը հիմնականում բաժին էին հասնում առավել պատրաստակամներին: Այս դատարանի ստեղծման համար ջանք ու եռանդ չխնայեց ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանը, որպեսզի իշխանությունների սրտով որոշումներ ստանա, ու դրա համար Ազգային ժողովով փոփոխություն կատարվեց «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում. պատճառաբանությունն այն էր, որ կթոթափվի Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորների ծանրաբեռնվածությունը:
Իրական պատճառը, սակայն, Ջհանգիրյանի ընտրած դատավորներով ցանկալի արդյունք ապահովելն էր: Օրինակ՝ Դավիթ Արղամանյանը, որը քաղաքական իշխանությունների հանրահավաքների ակտիվ մասնակից էր եւ թմբուկ էր խփում, ներկայումս կալանավորված Արուսյակ Ալեքսանյանին մեկուսացրեց: Ահա այս սկզբունքով էլ ընտրվեցին դատավորները, որոնցից որոշները «տուն կգնան» շուտով:
«Ժողովուրդ» օրաթերթի հավաստի աղբյուրների հաղորդմամբ՝ միայն հայտնի է, որ այս շաբաթ մեկնարկող նստաշրրջանի օրերին ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ԱԺ չի մտնի՝ ընդդիմության 3 պատգամավորներին մանդատից զրկելու հարցով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում