Շիրակի մարզի Պեմզաշենում տեղի ունեցած սահմռկեցուցիչ սպանության գործով երկու անձ կալանավորվել է։ Այս տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Դատագենետիկական, դատաբժշկական եւ դատակենսաբանական փորձաքննությունների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից եւս մեկի ինքնությունը։


Ըստ հաղորդագրության՝ նա օրեր առաջ ձերբակալված 32-ամյա տղամարդու 41-ամյա ազգականն է։

Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Շիրակի մարզի 32-ամյա բնակիչը, որը տառապում է «անձի էմոցիոնալ խանգարում՝ սուիցիդալ մտքերով» հոգեկան հիվանդությամբ, 2022թ. նոյեմբերի 8-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, իր ազգական, նույն բնակավայրի 41-ամյա բնակչի հետ հանդիպման ընթացքում տեղեկանալով Պեմզաշեն բնակավայրի 31-ամյա բնակչուհու տանը ենթադրաբար գումար լինելու մասին՝ պայմանավորվել է մուտք գործել տուն եւ գումար հափշտակել։ Նույն օրը, օգտվելով նշված տան մուտքի դռան բաց լինելու հանգամանքից, ապօրինի մուտք են գործել տուն։ Երբ տեղեկացել են՝ տանը գումար չկա, կապել եւ դաժանությամբ սպանել են կնոջը։ Ապա 32-ամյա տղամարդը, կատարված հանցանքները թաքցնելու նպատակով, կապել է երեխաների ձեռքերն ու ոտքերը եւ խոհանոցային դանակով հարվածներ է հասցրել նրանց մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 32-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ (սպանություն) հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 8-րդ եւ 13-րդ կետերով, 155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ , 5-րդ, 6-րդ եւ 13-րդ կետերով (2 դրվագ), 252-րդ (ավազակություն) հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով եւ 198-րդ (սեքսուալ բնույթի բռնի գործողություններ) հոդվածի 4-րդ մասով։

41-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել 155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ, 13-րդ կետերով եւ 252-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջիններիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ։ Միջնորդությունը բավարարվել է։

Նախաքննությունը շարունակվում է: