Անցյալ տարի Մեծ Բրիտանիայում ընկած երկնաքարը պարունակում է կարեւոր տեղեկատվություն այն մասին, թե ինչպես են ձեւավորվել Երկրի օվկիանոսները եւ կյանքը: Գլոսթերշիրի Վինչքոմբ շրջանում ճանապարհի վրա ընկած տիեզերական քարի ուսումնասիրությունը պարզել է, որ այն 11 տոկոս ջուր եւ 2 տոկոս ածխածին է պարունակում:
Փորձագետները հայտարարել են, որ աստղակերպերն առանցքային դեր են խաղացել «օվկիանոսների եւ վաղ Երկրի վրա կյանքի առաջացման համար անհրաժեշտ բաղադրիչների մատակարարման գործում», հաղորդում է PA Media-ն:
Վինչքոմբի երկնաքարը պատկանում է լեռնային ապարների հազվագյուտ դասին, որը հայտնի է որպես ածխածնային քոնդրիտներ։ Ածխածնային քոնդրիտները կազմում են Երկրի վրա հավաքված բոլոր երկնաքարերի մոտ 3 տոկոսը, եւ համարվում է, որ դրանք պարունակում են չորս միլիարդ տարի առաջ Արեգակնային համակարգի ձեւավորման հետեւանքով առաջացած անփոփոխ քիմիական նյութեր:
Երկնաքարի նմուշի վերլուծությունը բացահայտել է արտերկրային ջուր, որը, ըստ հետազոտողների, «փակված է հանքանյութերում, որոնք ձեւավորվել են արեգակնային համակարգի վաղ փուլերում մայր աստղակերպի վրա հեղուկների եւ ապարների միջեւ քիմիական ռեակցիաների ժամանակ»:
Քիմիական վերլուծությունը ցույց է տվել, որ այս ջուրն իր բաղադրությամբ շատ նման է Երկրի ջրին: Նմուշներում հայտնաբերվել են նաեւ ամինաթթուներ՝ մոլեկուլներ, որոնք կյանքի առաջացման հիմնական բաղադրիչներից են:
Գիտնականները նշել են, որ երկնաքարի արագ արդյունահանումը թույլ է տվել փորձագետներին վերլուծել դրա բաղադրությունն իր սկզբնական տեսքով: