Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Լիկուդ» կուսակցության առաջնորդ Բենիամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է, որ Թուրքիայի եւ Իսրայելի հարաբերությունները թեւակոխել են զարգացման նոր փուլ, փոխանցում է Anadolu լրատվական գործակալությունը եւ նշում, որ Նեթանյահուն մանդատ է ստացել Իսրայելի կառավարությունը կազմելու համար:
Նեթանյահուն ցավակցություն է հայտնել Թուրքիայի ղեկավարին՝ Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ։ Անդրադառնալով տարածաշրջանում տիրող իրավիճակին, իսրայելցի քաղաքական գործիչը Ռուսաստանում եւ Ուկրաինայում Թուրքիայի միջնորդական ջանքերը որակել է «նշանակալի ողջ աշխարհի համար»։
Էրդողանը շնորհակալություն է հայտնել Նեթանյահուին՝ ցավակցությունների համար, եւ իր հերթին ափսոսանք հայտնել՝ երկու օր առաջ Հորդանան գետի արեւմտյան ափին տեղի ունեցած միջադեպի համար։ Նա նշել է, որ կողմերի վճռականության եւ կամքի շնորհիվ Թուրքիայի եւ Իսրայելի հարաբերությունները թեւակոխել են զարգացման նոր փուլ։ Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ շարունակվող երկխոսությունը, որը հիմնված է շահերի փոխադարձ հարգանքի վրա, համապատասխանում է երկու պետությունների դիրքորոշումներին, ընդգծել է Էրդողանը։ Նա հույս է հայտնել, որ Կնեսետի ընտրությունների արդյունքները դրական ազդեցություն կունենան ինչպես Իսրայելի, այնպես էլ ողջ տարածաշրջանի վրա։