Ֆրանսիական ՊՍԺ-ի նախկին գլխավոր մարզիչ, արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոն հույս է հայտնել, որ Լիոնել Մեսին կկարողանա Արգենտինայի հավաքականի հեռ հռչակվել աշխարհի չեմպիոն։ ՊՍԺ-ի եւ Արգենտինայի հավաքականի 35-ամյա հարձակվողը հայտարարել էր, որ նոյեմբերի 20-ին Քաթարում մեկնարկելիք աշխարհի առաջնությունը վերջինը կլինի իր կարիերայում։
«Աշխարհի առաջնությունում հաղթելը շատ կարեւոր է, քանի որ դա բացարձակապես այլ մակարդակ է։ Կարգավիճակդ հաստատելու համար պետք է բարձրացնել աշխարհի գավաթը, որը ֆուտբոլում առավելագույն ինքնաարտահայտումն է։ Եթե նվաճել ես աշխարհի չեմպիոնի տիտղոսը, արդեն վստահաբար կճանաչվես լավագույնը։
Դա միակ բանն է, որ պակասում է Մեսիին։ Հույս ունեմ, որ դա տեղի կունենա Քաթարում։ Ես արգենտինացի եմ եւ ցանկանում եմ տեսնել Արգենտինայի հաղթանակը։ Նաեւ ցանկանում եմ, որ այդ տիտղոսով Մեսին հաստատի իր տեղը Մարադոնայի եւ Պելեի հետ պատմության մեջ լավագույնների շարքում»,- Պոչետինոյի խոսքը մեջբերում է The Athletic-ը։
Աշխարհի առաջնության խմբային փուլում Արգենտինայի հավաքականի մրցակիցները կլինեն Լեհաստանի, Մեքսիկայի եւ Սաուդյան Արաբիայի թիմերը։