Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր հյուրընկալել է բժիշկ Հագոպ (Հրայր) Հովագուիմիանին:

Նախագահի հրամանագրով առողջապահության զարգացման գործում Հայաստանի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, սրտի բարդ վիրահատություններ իրականացնող նորարարական բժշկական կենտրոն ստեղծելու և մեծաթիվ նոր մասնագետներ պատրաստելու, բազմաթիվ մարդկային կյանքեր փրկելու և երկարամյա անձնուրաց աշխատանքի համար բժիշկ Հովագուիմիանը պարգևատրվել է Հայրենիքի շքանշանով:


Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է բժշկին, բարձր գնահատել նրա վաստակը և մաղթել քաջառողջություն ու հաջողություններ:

Նախագահը համոզմունք է հայտնել, որ Հրայր Հովագուիմիանը կշարունակի իր մասնակցությունն ունենալ առողջապահության զարգացման գործում՝ իր փորձն ու գիտելիքները փոխանցելով երիտասարդ սերնդին: