Շվեդիայի արտաքին գործերի նախարար Թոբիաս Բիլստրյոմը հայտարարել է, որ, ՆԱՏՕ-ին անդամակցելու համար, չի սպասի Թուրքիայում անցկացվելիք ընտրություններին, այլ հիմա կկենտրոնանա այդ աշխատանքի վրա, գրում է Svenska Dagbladet թերթը։
«Չեմ կարծում, որ մենք պետք է հույս դնենք Թուրքիայում կայանալիք ընտրությունների հնարավոր արդյունքների վերաբերյալ ենթադրությունների վրա, պետք է կենտրոնանանք այն բանի վրա, ինչի վրա կենտրոնացած է կառավարությունը՝ որքան հնարավոր է շուտ դառնալ ՆԱՏՕ-ի անդամ։ Մենք կարող ենք դրան հասնել միայն այն ժամանակ, երբ Թուրքիայի եւ Հունգարիայի խորհրդարանները վավերացնեն Շվեդիայի եւ Ֆինլանդիայի անդամակցության հայտը, եւ, հետեւաբար, դա կառավարության ուշադրության կենտրոնում է»,- պարզաբանել է Բիլստրյոմը։
Շվեդիայի Արտաքին գործերի նախարարը պարզաբանել է, որ Շվեդիայի նոր կառավարությունը Թուրքիայի հետ այնպիսի հակասությունները չունի, որոնց պատճառով այդ երկիրը հրաժարվել է ՆԱՏՕ-ի անդամակցության նրանց հայտը վավերացնել՝ մասնավորապես քրդական հարցի վերաբերյալ։