Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է Վաշինգտոն այցի ընթացքում համոզել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, որ չպետք է թույլ տալ անհավասար մրցակցություն ԵՄ-ի հետ, գրում է AFP-ը՝ վկայակոչելով Ելիսեյան պալատի հաղորդագրությունը։
Նշվում է, որ խնդիրներ կարող են առաջանալ ինֆլյացիայի դեմ պայքարի մասին ամերիկյան նոր օրենքի ֆոնին։
Այս օրենքը ենթադրում է հարկերի կրճատում, արտոնություններ այն ձեռնարկությունների էներգամատակարարման ոլորտում, որոնք կբացվեն ԱՄՆ-ի տարածքում։
«Մենք չենք կարող ռիսկի ենթարկել Եվրոպայի էլ ավելի ապաինդուստրիալացումը այն ժամանակ, երբ մեր նպատակը վերաինդուստրիալացումն է»,-ասվում է Ելիսեյան պալատի տարածած հաղորդագրության մեջ։
Մակրոնի խորհրդականները նշում են, որ Ֆրանսիայի նախագահը Սպիտակ տան 46-րդ ղեկավարի հետ հանդիպման ժամանակ ցանկանում է համոզել նրան «բացառություններ տրամադրել որոշակի ոլորտների համար՝ Կանադայի եւ Մեքսիկայի օրինակով»։
Սպասվում է, որ Մակրոնը ԱՄՆ կժամանի նոյեմբերի 29-ին։