Պակիստանի եւ Բաքվի համագործակցության համատեքստում Հնդկաստանը Երեւանը դիտարկում է որպես դաշնակից։ Այս մասին թղթակցի հետ զրույցում ասել է Հնդկաստանում Հայաստանի առաջին Արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Բայբուրդյանը։
Նրա խոսքով՝ Հնդկաստանը Հայաստանի համար բարեկամական երկիր է, եւ այդ բարեկամությունը հիմնված է ոչ միայն պատմական կապերի (նկատի ունենալով այն, որ Հնդկաստանում ավելի քան 400 տարի հայկական համայնք է գոյություն ունեցել), այլեւ փոխադարձ, համընկնող քաղաքական, տնտեսական, ռազմավարական շահերի վրա։
Նա ավելացրել է, որ հայ-հնդկական հարաբերությունները մշտապես առաջընթաց են գրանցել, անկախ այն բանից՝ դրանք հրապարակային բնույթ են կրել, թե ոչ։
Երկու երկրների դեսպանությունների բացումը 1999-2000թթ., Բայբուրդյանի գնահատմամբ, հարաբերություններին նոր ազդակ է հաղորդել, եւ դա վերաբերում է հարաբերությունների բոլոր ոլորտներին, այդ թվում քաղաքական, տնտեսական, ռազմական, տեխնիկական եւ այլն։
«Դեռեւս 1994թ. ստորագրվել է «Բարեկամության եւ համագործակցության մասին» համաձայնագիրը, ինչը սկզբից եւեթ հարաբերություններին ամենաբարձր մակարդակ է հաղորդել։ Հնդկաստանում իմ դեսպան եղած ժամանակ՝ 2000-2004թթ., ստորագրվել է առաջին համաձայնագիրը ռազմական համագործակցության մասին, որը կրում էր սահմանափակ բնույթ, իսկ ապագայում սկսեց զարգանալ, այդ թվում գիտատեխնոլոգիական ոլորտում»,- նշել է դիվանագետը։
Նա ընդգծել է, որ այսօր երկկողմ հարաբերություններն ավելի բարձր մակարդակում են։ Շատ է խոսվում ռազմական համագործակցության մասին։ Դա, անշուշտ, կարեւոր ուղղություն է եւ սերտ հարաբերությունների զարգացման դրսեւորումներից մեկն է, ինչը պայմանավորված է մի քանի գործոններով։
«Նախ՝ դրանք սերտ փոխադարձ շահերն են։ Սերտ փոխգործակցությունը եւ համագործակցությունը Պակիստանի եւ Ադրբեջանի միջեւ, այդ թվում ռազմական ոլորտում, ազդեցություն է գործում Հայաստանի հետ հարաբերություններ զարգացնելու Հնդկաստանի ձգտման վրա։ Բայց դա միայն գործոններից մեկն է։ Ամենագլխավոր գործոնն այն է, որ Հնդկաստանը դարձել է աշխարհի հինգերորդ տնտեսությունը, 10 տարում դարձել համաշխարհային քաղաքականության հիմնական դերակատարներից մեկը։ Հաշվի առնելով այն, որ Հնդկաստանը Հայաստանը դիտարկում է որպես բնական դաշնակից, նշանակում է՝ աշխարհում Նյու Դելիի ազդեցության աճին զուգահեռ ամրապնդվում են նաեւ հարաբերությունները Հայաստանի հետ։ Հնդկաստանը հասկանում է Հայաստանի կարեւորությունը, որը գտնվում է Արեւելք-Արեւմուտք խաչմերուկում»,- ամփոփել է Բայբուրդյանը։