Հայաստանը նախատեսում է մինչև 2028 թ․ տիեզերք արձակել հայկական ևս երկու արբանյակ: Այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանին զեկուցել են Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում, որտեղ այսօր վարչապետի գլխավորությամբ անցկացվել է գերատեսչության 2022թ. գործունեության հաշվետվության քննարկում:

Ընդգծելով այս տարվա ընթացքում հայկական ռազմավարական առաջին արբանյակի տիեզերք արձակման փաստը՝ ոլորտի պատասխանատուները նշել են, որ նախատեսվում է 2023 թ․ Հայաստանում ստեղծել արբանյակի կառավարման կենտրոն և ընդունիչ կայան, որի գլխավոր գործառույթներից են արբանյակի կառավարումը, տիեզերալուսանկարների ստացումը: Այդ նպատակով ընթացքի մեջ է մասնագետների վերապատրաստման գործընթացը:

Վարչապետի աշխատակազմից NEWS.am Tech-ին հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը կարևորել է այս ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը և շեշտել, որ ոլորտի զարգացումը շարունակելու է լինել կառավարության ուշադրության կենտրոնում:

Հիշեցնենք, որ հայկական առաջին «ArmSat-1» արբանյակի գործունեությանը նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ նոյեմբերի 18-ին բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը տեղեկացրել էր, որ «ArmSat-1» արբանյակը, որը տիեզերք բաց է թողնվել այս տարվա մայիսի 25-ին, ամբողջությամբ պատրաստ է շահագործման։ Նա նաև ասել էր, որ Հայաստանում մինչև տարեվերջ կստեղծվի արբանյակի կառավարման կենտրոն, որը հնարավորություն կտա արբանյակն ամբողջությամբ կառավարել Հայաստանից: Նախարարը նաև տեղեկացրել էր, որ ԲՏԱ փոխնախարար Ավետ Պողոսյանն իր հերթին ասել էր, որ տիեզերք ուղարկվելիք երկրորդ արբանյակը կլինի արդեն հայկական արտադրության։

ArmSat-1 Nikol Pashinyan .jpg (688 KB)

ԲՏԱ նախարարության 2022թ. գործունեության հաշվետվության քննարկման ժամանակ այսօր անդրադարձ է կատարվել նաև Գլոբալ ինովացիոն ցուցիչով Հայաստանի վարկանիշին, արձանագրված դրական և բացասական ցուցանիշներին: Հաջորդիվ ներկայացվել է ստարտափների զարգացման ուղղությամբ իրականացվող քայլերին, մասնավորապես՝ «Գաղափարից մինչև բիզնես» ծրագրին, որի շրջանակում լավագույն նախագծեր ներկայացրած նորաստեղծ ընկերություններին պետության կողմից տրամադրվում են դրամաշնորհներ, օժանդակություն է ցուցաբերվում վերջիններիս հետագա գործունեությանն ու շուկա մուտք գործելուն:

Վարչապետը կարևորել է ծրագրի իրականացումը և պատասխանատուներին հանձնարարել վերջինիս արդյունավետության բարձրացման նպատակով ձեռնարկել հետևողական քայլեր՝ ընդգծելով բյուջեի կատարողականի բարձր մակարդակի ապահովման, հանրության շրջանում ծրագրի վերաբերյալ առավել լայն իրազեկում իրականացնելու և շահառուների ցանկն ընդլայնելու անհրաժեշտությունը:

Նշվել է, որ հաջողությամբ ընթացքի մեջ է աշխատաշուկայից նոր աշխատակիցներ ներգրավող ընկերություններին աշխատավարձերի եկամտահարկի 50 տոկոսի վերադարձի ծրագիրը, որի շրջանակում պետության կողմից արդեն իսկ տրամադրվել է 2,8 մլրդ դրամ: Զեկուցվել է, որ ՏՏ մի շարք ընկերություններ Բուհ-մասնավոր հատված ծրագրի միջոցով ընթացիկ տարում ներգրավվել են միջին և բարձր որակավորում ունեցող ավելի քան 700 աշխատակիցների: Ծրագրի բյուջեն այս տարի կազմել է 231 մլն դրամ, իսկ 2023-ին այն կհասնի 311 մլն դրամի:

Robert Khachatryan .jpg (609 KB)

Օժանդակություն է ցուցաբերվել հայկական ընկերությունների՝ միջազգային ֆորումներին մասնակցությանը: Արդյունքում, ընթացիկ տարվա ընթացքում հայկական տարբեր ընկերություններ միջազգային գործընկերների հետ ստորագրել են 320 մլն դրամի պայմանագրեր:

Հաջորդիվ անդրադարձ է կատարվել «Հայփոստի»- գործունեությանը, քաղաքացիներին մատուցվող ծառայությունների բարելավման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին, նոր բաժանմունքների ստեղծմանը:

Հեռահաղորդակցության և կապի ոլորտում այս տարի սկսվել են ռեզերվային կառավարման կենտրոնի վերանորոգման աշխատանքները, որոնք դեռևս գտնվում են ընթացքի մեջ: Այնուհետև անդրադարձ է կատարվել թվային հեռուստահեռարձակման ապահովման, թվային ինտերակտիվ հեռուստատեսության համակարգի ներդրման, Հայաստանի տարածքում բազային և շարժական ռադիոմոնիթորինգի համակարգի ներդրման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին:

Նախատեսվում է մինչև 2026 թ․ Հայաստանի բնակավայրերի 80 տոկոսում ապահովել լայնաշերտ կապ և պետական թվային ծառայությունների հասանելիություն:

Armenia government.jpg (692 KB)

Հաջորդիվ ներկայացվել են Ինժեներական քաղաքի հիմնման, Գերհամակարգչային ազգային կենտրոնի ստեղծման, կիբեռանվտանգության, թվայնացման ոլորտներում, ինչպես նաև տվյալների ազգային պահոցի ստեղծման ուղղությամբ իրականացվող ծրագրերն ու աշխատանքները:

Ամփոփելով՝ վարչապետն ընդգծել է Հայաստանում բարձր տեխնոլոգիական ոլորտի, կապի, հեռահաղորդակցության ենթակառուցվածքների հետևողական ու շարունակական զարգացման ուղղությամբ կառավարության նպատակադրումը և նշել ծրագրերի արդյունավետ իրականացման անհրաժեշտությունը: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է պատասխանատուներին՝ առաջիկայում ներկայացնել այսօրվա խորհրդակցության ընթացքում բարձրացված խնդիրների ու հարցերի լուծման «ճանապարհային քարտեզ»՝ վերը նշված ուղղություններով առաջ շարժվելու և զարգացում ապահովելու նպատակով:

Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը և Համբարձում Մաթևոսյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Ֆինանսների նախարարի տեղակալ Վահե Հովհաննիսյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, Վարչապետի աշխատակազմի պաշտոնյաներ, ԲՏԱ նախարարության աշխատակազմի ղեկավար կազմը, պաշտոնատար այլ անձինք: