Politico-ին մտահոգում է այն փաստը, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը պատրաստվում է իր ԴՆԹ-ի նմուշը «նվիրել» Պեկինին։
«Երբ այս շաբաթ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը այցելի Չինաստան, նա նվեր կթողնի նախագահ Սի Ծինփինին՝ իր գենետիկ նյութի նմուշը։
Պեկինի գործող կանոնակարգերի համաձայն՝ Միշելը Չինաստան ժամանելուն պես ստիպված կլինի COVID-ի թեստ հանձնել։ Այս ամսվա սկզբին Չինաստան կատարած իր այցի ժամանակ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի ՊՇՌ թեստը կատարել է գերմանացի բժիշկը, որը նրա հետ ճանապարհորդել է իր ինքնաթիռով։
Բայց այս նախազգուշական միջոցները չեն ձեռնարկվել մինչ Միշելի այցը»,-գրում է Politico-ն:
ԵՄ պաշտոնյան Politico-ին ասել է, որ Միշելի ՊՇՌ-ն կիրականացնի տեղացի բժիշկը։
Խնդիրը ուշադրության կենտրոնում է այն բանից հետո, երբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հրաժարվեց ռուս բժիշկներին թույլատրել COVID-ի թեստ անցկացնել, երբ այցելեց Ռուսաստանը։ Փոխարենը նա նախընտրեց նստել չորս մետրանոց սեղանի մյուս ծայրում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ: Reuters-ը հայտնել է, որ Մակրոնը հրաժարվել է ռուսական թեստից՝ մտավախություն ունենալով, որ իր ԴՆԹ-ն կարող է հավաքվել այդ գործընթացում՝ թեեւ Ելիսեյան պալատն այդ տեղեկությունը չի հաստատել։
Մակրոնի այցից մի քանի օր անց Ռուսաստան կատարած այցի ժամանակ Շոլցը նույնպես հրաժարվեց ռուս բժշկի կողմից անցկացվող թեստից՝ փոխարենը ընտրելով Մոսկվայում Գերմանիայի դեսպանատան բժշկին:
«Ցանկացած համաշխարհային առաջնորդ, որը չի հրաժարվում նմուշ տրամադրելուց, ակնհայտորեն ապատեղեկացված է»,-ասում է մոլեկուլային գենետիկ Բրայան ՄքԴոնալդը, որն աշխատում է որպես ԴՆԹ-ի փորձագետ Ավստրալիայում: «Ես խորհուրդ կտամ աշխարհի ցանկացած առաջնորդի նմուշ չտրամադրել»,-ասել է նա։
Թեեւ հնարավոր է համաշխարհային առաջնորդի ԴՆԹ-ի նմուշ ստանալ, օրինակ, հյուրանոցի համարում կամ ուտելու պարագաներից, ՄքԴոնալդն ասում է, որ ՊՇՌ-ի նմուշն ավելի շատ առավելություն ունի։
Տարբերությունը ԴՆԹ-ի քանակի եւ որակի մեջ է, ասել է ՄքԴոնալդը։
Տեղեկությունը, որը կարելի է քաղել նման նմուշից, ներառում է նախատրամադրվածություն հիվանդությունների նկատմամբ, որոնք ունեն գենետիկ բաղադրիչ, կամ ընտանեկան հարաբերություններ նմուշառված այլ մարդկանց հետ՝ ընդհուպ մինչեւ ԴՆԹ-ի ապագա օգտագործում»։