ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վրեժ Մարկոսյանը, ով «Տիգրան Մեծ» հրատարակչության սեփականատերն է, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի այս տարիների գործունեությունը շատ լավ է գնահատում:
«Գնահատում եմ շատ լավ, մասնավորապես կնշեմ նրա արդարամիտ դատողությունները»,- այս մասին YerevanNews.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Վրեժ Մարկոսյանը:
ԱԺ պատգամավորն իր խորհրդարանական գործունեությունը, մասնավորապես օրենսդրական նախաձեռնություններով հանդես չգալը, բացատրում է ԱԺ-ում իր «սկսնակ» լինելով:
«Ես դեռ սովորում եմ, ԱԺ-ում առաջին դասարանում եմ, սկսնակ եմ»,- իր խոսքում նշեց Վրեժ Մարկոսյանը:
Հարցին, թե արդյո՞ք ԱԺ պատգամավորին դուր են գալիս ԱԺ աշխատանքները, Վրեժ Մարկոսյանը պատասխանեց.
«Այո ինձ դուր են գալիս ԱԺ-ի աշխատանքները»:
ԱԺ պատգամավորը վստահեցնում է, որ իր ընտրատարածքում շատ աշխատանքներ է արել: Նշում է, որ գուցե ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի չափ չի արել, բայց իր ընտրողների խնդիրները հնարավորության սահմաններում կարողանում է լուծել:
«Ալեքսանյանը գուցե հնարավորություն ունի և կարողանում է իր ընտրողներին մեքենա նվիրել, բայց ես չունեմ, բայց կարծում եմ իմ ընտրողների 60% գոհ կլինեն իմ աշխատանքից: Փորձում եմ օգտակար լինել աշխատանքի տեղավորման հարցում»,-եզրափակեց Վրեժ Մարկոսյանը:
Պետք է նշենք, որ պատգամավորներ Վրեժ Մարկոսյանը և ՀՀ գլխավոր դատախազի եղբայր` Ռուբեն Հովսեփյանն այնքան մտերիմ և անբաժան ընկերներ են, որ ԱԺ-ում նստում են նույն աշխատասենյակում, ավելին` կողք-կողքի: Մեր այն հարցին, թե արդյո՞ք պատգամավորներն իրենց ցանկությամբ են աշխատում նույն աշխատասենյակում, նրանք պատասխանեցին.
«Մեզ տարբեր աշխատասենյակներ էր բաժին հասել, բայց մենք որոշեցինք նստել նույն աշխատասենյակում, որպեսզի միասին քննարկենք և պլանավորենք մեր աշխատանքային հարցերը»: