Հայաստանում արտադրված մի շարք ապրանքատեսակներ արդեն իսկ վաճառվում են ԱՄՆ-ի 7 նահանգների ամենախոշոր խանութներում։ Այս մասին տեղեկանում ենք հայկական թեյերի արտադրությամբ զբաղվող «Անթառամ» ընկերության պաշտոնական էջից։
Ինչպես հայտնել ենք՝ «Buy Armenian»-ի ջանքերով սկսվել է համագործակցություն հայ արտադրողների և ամերիկյան այս 2 խանութների միջև, իսկ հաջողություն գրանցելու դեպքում այդ համագործակցությունը շարունակական է լինելու։ Ամերիկյան հայտնի TJ Maxx և HomeGoods սուպերմարկետներում այսուհետ կարելի է գտնել հայկական 6 ընկերությունների արտադրանքներ։
https://www.facebook.com/antaramherbal/videos/1529291844166924/
Ինչպես Talk with Hayk փոդքասթի ընթացքում հայտնել է «Buy Armenian»-ի համահիմնադիր Նշան Օդաբաշյանը՝ սա իսկապես մեծ ձեռբերում է։ «Հատկանշական է, որ այս ապրանքները վաճառվելու են ոչ միայն Կալիֆորնիա նահանգում, այլ 7 տարբեր նահանգներում՝ Կալիֆորնիայում, Արիզոնայում, Օհայոյում, Ինդիանայում, Ջորջիայում, Նյու Ջերսիում և Կոնեկտիկուտում։ Վաճառվելու է մեղր, թեյ, խնձորի քացախ, մեղրի քացախ, տարբեր տեսակի չրեր, նուգա։ Եվ եթե այս ապրանքները շուտ վաճառվեն, ապա ամեն ամիս այս քանակով կամ ավելի պատվերներ են ստացվելու»,- մանրամասնել է Նշանը՝ կոչ անելով ԱՄՆ-ում բնակվող բոլոր հայերին աջակցել հայ արտադրողներին ու ձեռք բերել հայկականը։
Հիշեցնենք նաև, որ դեկտեմբերի 10-ին և 11-ին Գլենդելի Սիվիք Աուդիտորիումում կայանալու է նաև աննախադեպ «Ամանորի սպասումով» տոնավաճառը, որը ևս մեծապես նպաստելու է հայ արտադրողների զարգացմանը։
TJ Maxx և HomeGoods սուպերմարկետներում վաճառք իրականացնելու մասին խոսել է նաև «Անթառամ» թեյերի արտադրությամբ զբաղվող ընկերության տնօրեն Արեգ Գալստյանը՝ ասելով, եթե չլիներ «Buy Armenian»-ի աջակցությունը, ընկերությունների 90 տոկոսը չէին կարողանա մուտք գործել այդ շուկա։ «Մեր թեյերը չեն վաճառվելու որպես հայկական արտադրանք, այլ՝ որպես լավ արտադրանք։ Այս պահին TJ Maxx և HomeGoods խանութների մեծ պատվերով մի քանի 1000 տուփ արդեն արտահանվել է։ Եթե մենք աշխատում ենք միայն հայերի վրա, որոնք պարտքի զգացումով այդ արտադրանքը գնում են, եթե մի բան էլ վատ լինի, աչք են փակում, այդպիսով մեր բիզնեսն ու երկիրը չի կայանա։ Պետք է օտար լինի, որ հանկարծ ինչ-որ բան իրենց դուրը չգա, դժգոհ լինեն, որպեսզի մենք էլ հնարավորություն ունենանք մեզ վրա աշխատելու ու շտկելու»,- մանրամասնել է նա։
Վերջինս նաև հնարավոր դժվարությունների մասին է խոսել՝ հարց բարձրացնելով․ «Արդյոք հաջողության դեպքում մենք կկարողանա՞նք լավ որակով այդ մեծ պատվերները բավարարել, թե՞ ոչ։ Հուսով ենք՝ կստացվի»։
Արեգ Գալստյանի կարծիքով ԱՄՆ-ի ու հայ արտադրողների միջև կապը ստեղծելու, կազմակերպչական բարդ աշխատանքը կատարելու և այդ պատասխանատվությունը ստանձնելու գործում է անգնահատելի է «Buy Armenian»-ի դերը, քանի որ այն մեծամասամբ լուծում է տալիս բարձրացված խնդիրներին։
Նշենք նաև, որ հաշված օրեր են մնացել «Ամանորի սպասումով» ցուցահանդես վաճառքին։ Մասնակցության համար տաղավար վարձակալելու հնարավորություն կունենան ընդամենը 80 ընկերություններ։ Այսպիսով, «Ամանորի սպասումով» տոնավաճառի տաղավարների ամրագրման համար անհրաժեշտ է զանգահարել 866 207 1466 հեռախոսահամարին կամ գրել [email protected] էլեկտրոնային հասցեին։