«3+3» ձեւաչափով (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) տարածաշրջանային համագործակցության հարթակի երկրորդ նիստը կարող է կայանալ առաջիկա ամիսներին։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը։

«Ներկայումս շարունակվում է «3+3» հարթակի երկրորդ նիստի անցկացման կազմակերպչական հարցերի մշակումը։ Ակնկալում ենք, որ այն տեղի կունենա առաջիկա ամիսներին։ Դատելով բոլոր մասնակիցների տրամադրածությունից՝ հրավերը կարող է ուղղվել նաեւ Վրաստանին»,-ասել է նա՝ նշելով, որ Մոսկվան համոզված է, որ հարթակը պահանջված է մասնակից երկրների միջեւ փոխշահավետ համագործակցության ընդլայնման շահերից ելնելով։


Գոնչարը հիշեցրել է, որ 2021 թվականի դեկտեմբերին Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ որոշվել է կենտրոնանալ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող թեմաների՝ առեւտրատնտեսական, տրանսպորտային եւ մշակութային-հումանիտար կապերի զարգացման, ինչպես նաեւ ընդհանուր մարտահրավերների եւ սպառնալիքների դեմ պայքարի վրա։