Լաչինի միջանցքի փակումը պետք է դիտարկել որպես օրինաչափություն, դրա վերջնական նպատակը Ղարաբաղում հայերի ցեղասպանությունն է։ Այս մասին  ասաց Հարավային Կոնեկտիկուտի համալսարանի փիլիսոփայության պրոֆեսոր, Ցեղասպանության հետազոտողների միջազգային ասոցիացիայի առաջին փոխնախագահ Արմեն Մարսուբյանը։

Եվ սա, ինչպես հիշեցրեց փորձագետը, շարունակվում է 2020 թվականի պատերազմից հետո։ «Մենք արդեն գիտենք, որ հայերը վտարվել են իրենց հողերից, որոնք պետք է պաշտպանված լինեին 2020 թվականին հայտարարված հրադադարի համաձայն։ Այսպիսով, հայերի վրա շարունակաբար ճնշում է գործադրվել՝ նպատակ ունենալով նրանց ստիպել լքել Ղարաբաղը, եւ դա անելու միջոցներից մեկը նրանց կյանքը դժվարացնելն էր: Եվ դա անելու միջոցներից մեկը արտաքին աշխարհի հետ միակ կապը կտրելն էր՝ այսինքն Լաչինի միջանցքը փակելը»,- ընդգծեց Մարսուբյանը։


Նա հիշեցրեց, որ Ցեղասպանության հետազոտողների միջազգային ասոցիացիան երկու ամիս առաջ հայտարարությամբ էր հանդես եկել, որտեղ նշվում էր հայերի ցեղասպանության վտանգը Հարավային Կովկասում, ոչ միայն Արցախում, այլ նաեւ այլ տարածքներում։

«Այսպիսով, ես միանշանակ կարծում եմ, որ սա ունի շարունակվող ցեղասպանության բոլոր հատկանիշները: Եվ մենք դա տեսնում ենք այն հռետորաբանության մեջ, որն անընդհատ օգտագործում է նախագահ Ալիեւը։ Ես չեմ զարմանում, որ նրանք նորից փակել են Լաչինի միջանցքը։ Հուսանք, որ ռուս խաղաղապահները շուտով կկարողանան նորից բացել այն, քանի որ նման խցանումն իսկապես էքզիստենցիալ վտանգ է ներկայացնում Ղարաբաղի հայերի համար»,- հավելեց փորձագետը։