Անկախ կուսակցական ու քաղաքական հայացքներից մենք, այստեղ, մի նպատակով ենք ՝մեր բողոքի ձայնն արտահայտելու․ ցավոք, Ստեփանակերտում ՄԱԿ-ի ներկայացուցչություն չկա և մեր արցախահայ քույրերն ու եղբայրները չունեն մի կառույց, որտեղ գնան ու իրենց բողոքի ձայնը բարձրացնեն՝ այս պահի դրությամբ աշխարհում գոյություն չունեցող իրավիճակի հետ կապված։ Այս մասին, Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ նշեց Արցախի նախկին ՄԻՊ, «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը:

«Մենք այստեղ ոչ միայն մեր, այլև՝ Արցախի մեր հայրենակիցների բողոքի ձայնն ենք հայտնում ՄԱԿ-ի գրասենյակին։ Մեր ժողովրդի միջից արժանապատվության զգացումը չի վերացել , և մեր ձայնը կարող է լեռներում այն ձայնը դառնա մի օր, որը ձնահյուս է բերում․․․ Արցախում, այս պահին, 120 հազարից ավել քաղաքացի ամբողջական շրջափակման մեջ է»,-հայտարարեց նա:


Իր հերթին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանն ասաց. «Հումանիտար աղետի այս իրավիճակում ի՞նչ է անելու արժանապատիվ հայ մարդը ․ ունեն մեկ առաքելություն՝ կանգնելու արցախցու, Արցախի մեր հայրենակիցների , մեր քույրերի և եղբայրների կողքին: Մենք ձեր կողքին ենք, ձեզ մենակ չենք թողնելու, ձեր ցավը, մեր ցավն է, ձեր պայքարը մեր պայքարն է»:

Ակցիայի ժամանակ ելույթ ունեցավ նաեւ ՀՅԴ անդամ Գոռ Սարգսյանը՝ նշելով. «Հայաստանում բազաթիվ քաղբանտարկյալներ եղան՝ ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակը չարձագանքեց որևէ կերպ, Եռաբլուրում զոհվածների ծնողներին ծեծեցին, ՄԱԿ-ը որևէ կերպ չարձագանքեց, Արցախի դեմ պատերազմ սանձազերծվեց, խաղաղ բնակչություն ռմբակոծվեց ՄԱԿ-ը ոչինչ չարեց, ֆոսֆորային զենք կիրառվեց ոչինչ չարվեց,այսօր մեր հայրենակիցները շրջափակման մեջ են և հումանիտար աղետի առջև են կանգնած այսօր, արձանագրումներ արվելո՞ւ են։

Հայ ժողովրդի դեմ ցեղասպան քաղաքականության դեմ ինչ- որ բան անելո՞ւ եք, թե՞ Ալիևի ու Նիկոլ Փաշինյանի հետ նույն թիմից եք»:

Նշենք, որ այսօր Երևանի Ազատության հրապարակում Արցախի երիտասարդները բողոքի ակցիա են կազմակերպել ի պաշտպանություն Արցախի։ Հավաքվել են ինչպես ՀՀ բնակիչները, այնպես էլ Արցախից տեղահանվածները։ Ազատության հրապարակում հավաքվածները նշում են` ուզում են իրենց բողոքի ձայնը հասցնել ՀՀ–ում օտարերկրյա դեսպանատներին` հորդորելով դադարեցնել Արցախի շրջափակումը և բացել Լաչինի միջանցքը։

Ակցիայի մասնակիցների ձեռքին կան պաստառներ. «Կանգնեցրեք Ադրբեջանի ագրեսիան», «120 հազար մարդ շրջափակման մեջ է», «Սա հանցանք է մարդկության դեմ», «Քո կողքին ենք, Արցախ»:

Բողոքի ակցիայի մասնակիցները «Արցախ, Արցախ» վանկարկումներով Ազատության հրապարակից շարժվել են դեպի Հայաստանում ՄԱԿ–ի գրասենյակ, որտեղ երկու նամակ են փոխանցել ՄԱԿ-ի գրասենյակի աշխատակիցներին: Նամակներում, մասնավորապես, դիմում են միջազգային հանրությանը` կոչ անելով զերծ մնալ երկակի ստանդարտներից, դատապարտել Ադրբեջանի հակամարդկային վարքագիծն ու գործիքակազմ կիրառել` կանխելու Արցախում Ադրբեջանի կողմի էթնիկ զտման փորձերը։