Արցախի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակին՝ ասել է. «Հուսով ենք՝ Գորիս-Ստեփանակերտ ճանապարհն այսօր կբացվի, այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են։ Բայց պետք է հասկանալ, որ նման ահաբեկչական գործողությունները շարունակական են լինելու, ըստ երևույթին՝ այդպես է լինելու։ Լաչինի անցակետում մաքսակետ դնելն անքննարկելի է, այն կվերածի երկիրը բանտի»։

Խոսելով Արցախում ռուս խաղաղապահների ներկայության նշանակության մասին՝ Բաբայանը նկատել է․ «Պետք է լինենք շատ օբյեկտիվ. եթե չլիներ ռուս խաղաղապահ առաքելությունը, Արցախը վաղուց կործանված էր։ Մյուս կողմից մենք տեսնում ենք, որ խաղաղապահ առաքելության ներուժը, որն ուղիղ ածանցյալ է մանդատից, պետք է ավելանա։ Այդ թեմայով մեր առաջարկները հնչեցրել ենք տարբեր ատյաններում»։