«Փաստ» օրաթերթը գրում է. «Դեկտեմբերի 24-ից 30-ը Գյումրիի սրտում՝ Վարդանանց հրապարակում կկազմակերպվի Ամանորյա տոնավաճառ: Ինչպես իրենց ՖԲ էջում նշում են կազմակերպիչները, «աշխԸրքի կենտրոնում»՝ Գյումրիում 7 օր շարունակ «կտիրի ամանորյա հեքիաթային տրամադրություն, բոլոր գյումրեցիներին և քաղաքի հյուրերին սպասվում են բազմաթիվ հաճելի անակնկալներ: Տոնավաճառին ներկայացված է լինելու ավելի քան 20 կազմակերպություն՝ ամանորյա տարատեսակ առաջարկներով»։
«Փաստ» թերթի տեղեկություններով, Հայաստանի երկրորդ քաղաքում նման միջոցառում նախատեսված չի եղել, և նախաձեռնությունը, ինչպես ասում են, մասնավորինն է՝ «Դրիմ թիմ» ընկերությանը: Մեր ունեցած տեղեկություններով, տոնավաճառի բոլոր տաղավարները կազմակերպիչների կողմից տրամադրվելու են անվճար: Առավելությունը տրվելու է Գյումրիի ձեռներեցներին, մասնավորաբար արվեստի ու արհեստի գործեր ստեղծողներին:
Կազմակերպությունից թերթի հետ զրույցում հաստատեցին այս տեղեկությունը՝ միայն հավելելով, որ մուտքն ազատ է, իսկ Գյումրին սիրով սպասում է բոլորին: Ի դեպ, նշենք, որ Ամանորյա տոնավաճառի բացումը կայանալու է շաբաթ օրը՝ դեկտեմբերի 24-ին, ժամը 18։00-ին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում