Բրիտանական Daily Mail թերթը՝ հղում անելով ավստրալացի եւ եվրոպացի գիտնականներին, գրում է, որ կլիմայի փոփոխության եւ Երկրի վրա մոլորակի բնական հարստությունների գիշատիչ շահագործման պատճառով տեսակների զանգվածային ոչնչացում կարող է տեղի ունենալ մոտ ապագայում:

Սուպերհամակարգչի օգնությամբ Երկրի վրա ստեղծվել են ավելի քան 15 հազար սննդային շղթաների մոդելներ։ Վերլուծությունը ցույց է տվել, որ վատագույն սցենարի դեպքում մինչեւ 2050 թվականը կենդանիների եւ բույսերի բոլոր տեսակների մինչեւ 10 տոկոսը կվերանա, իսկ 2100 թվականին՝ մինչեւ 27 տոկոսը:


Գիտնականները ոչնչացման գլխավոր պատճառ են համարում գլոբալ տաքացումը եւ մարդկային գործունեությունը։

Հետազոտողները նշել են, որ այս գործընթացների գնահատման նախորդ մոտեցումները սխալ են եղել, նրանք հաշվի չեն առել տեսակների փոխազդեցության հետ կապված համատեղ ոչնչացումը:

Նոր եզրահանգումները շատ ավելի հոռետեսական են, քան գիտնականները կարծում էին նախկինում։

Կենսաբանները նաեւ պարզել են, որ միջատների անհետացումը տարեկան ավելի քան 400 հազար մարդու մահվան է հանգեցնում։ Հարվարդի Չանի հանրային առողջության դպրոցի գիտնականները պարզել են, որ փոշոտիչների կորուստը հանգեցրել է մրգերի, բանջարեղենի եւ ընկույզների բերքի 3-5 տոկոսով նվազեցմանը եւ, ըստ գնահատականների, 427 հազար ավելորդ մահերի՝ ուղեկցող հիվանդությունների պատճառով, ներառյալ՝ սրտի հիվանդությունը, ինսուլտը, շաքարախտը եւ քաղցկեղի որոշ տեսակներ։