Դեկտեմբերի 12-ից սկսած դադարեցվել է տեղաշարժը դեպի Լեռնային Ղարաբաղ, քանի որ Ադրբեջանը բողոքների զանգվածային արշավ է մեկնարկել Լաչինի միջանցքի երկայնքով` շրջափակելով միակ ճանապարհը դեպի Լեռնային Ղարաբաղ: Այս մասին Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի ՄԱԿ-ի ԱԽ նիստին հայտարարեց ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը:
«Խնդրի անհապաղությունը պայմանավորված է իրավիճակով, որը զարգանում է որպես մարդասիրական ճգնաժամ: Այն ստեղծվել է Ադրբեջանի կողմից, որպես ապօրինի շրջափակում ԼՂ բնակչության դեմ` ուղղակիորեն խախտելով իր հանձնառությունները` մասնավորապես 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, ինչպես նաեւ միջազգային պարտավորությունները: Դեկտեմբերի 12-ից սկսած դադարեցվել է տեղաշարժը դեպի Լեռնային Ղարաբաղ, քանի որ Ադրբեջանը բողոքների զանգվածային արշավ է մեկնարկել Լաչինի միջանցքի երկայնքով` շրջափակելով միակ ճանապարհը դեպի Լեռնային Ղարաբաղ: Սա արվում է ուղղակիորեն խախտելով եռակողմ հայտարարության 6-րդ պարբերությունը` ըստ որի Լաչինի միջանցքը պետք է կապ ապահովի ԼՂ-ի եւ ՀՀ-ի միջեւ` մնալով ՌԴ խաղաղապահ ուժերի հրամանատարության ներքո եւ Ադրբեջանի Հանրապետությունը պետք է ապահովի քաղաքացիների, ավտոմեքենաների եւ բեռների ապահով շարժը Լաչինի երկայնքով: Բնապահպանական մտահոգությունների մտացածին պատրվակով Լաչինի միջանցքում ապօրինի շրջափակում կազմակերպելով, Ադրբեջանը աղետալի վիճակի է հասցրել բնակչությանը: Այս մարդասիրական,կյանքի ճանապարհի արգելափակումը առաջացրել է բազմաթիվ խաթարումներ»,- նշեց նա:
Մարգարյանի խոսքով` ճանապարևհը փակվելու հետեւանքով 1100 Արցախի քաղաքացիներ մնացել են ճանապարհին` չկարողանալով իրենց տուն հասնել. «Երեխաները չեն կարողանում իրենց ծնողների մոտ գնալ, բուժվողների տեղափոխումն է խաթարվել, դարձել անհնարին, որի հետեւանքով մեկ քաղաքացի է մահացել: Առկա է մի շարք մատակարարումների պակաս: Ջեռուցման խնդիրը ազդել է երեխաների դասապրոցեսի վրա` նրանց զրկելով կրթության իրավունքից»:
ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչը նշեց, որ ԼՂ-ում կարող է մարդասիրական աղետ տեղի ունենալ, քանի որ խաղաղապահների միջնորդությամբ բանակցություները կողմերի հետ առայժմ որեւէ արդյունք չեն տվել. «Նախորդ միջադեպերը եւս պացուցում են, որ Լաչինի միջանցքի փակումը իրականում նախապես պլանավորված գործողություն է, որն իրականացվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից` նպատակ ունենալով վնաս հասցնել Արցախի բնակչությանը եւ մեծածավալ մարդասիրական ճգնաժամ առաջացնել ԼՂ-ում: Ադրբեջանի պնդումները, որ իրենք որեւէ սահմանափակում չեն իրականացրել Լաչինի միջանցքում պարզապես կեղծ են»:
Նրա խոսքով` նման մասշտաբի ակցիաները առանց պետության աջակցության անհնար է պատկերացնել, ընդ որում նրանք այնպիսի պահանջներ են ներկայացնում, որոնք հակասում են եռակողմ հայտարարության դրույթներին:
«Սրա հետեւում կանգնած են Ադրբեջանի իշխանությունները, որոնց նպատակն է ԼՂ-ի ժողովրդին ենթարկել էթնիկ զտման»,-ասաց նա` նշելով, որ ամիսներ առաջ էթնիկ զտման էենթարկվել Լեռնաին Ղարաբաղի մեկ գյուղ:
Մհեր Մարգարյանը նշեց, որ եթե Ադրբեջանը հետաքրքրված է, որ բնապահպանական վիճակի անկախ գնահատում իրականացվի, ապա պետք է ՄԱԿ-ի փաստահավաք առաքելություն տեղակայելու հնարավորությունը խնդիրն ուսումնասիրելու նպատակով:
«Այս պահին 120 հազար հոգի` այդ թվում կանայք, երեխաներ եւ տարեցներ, պատանդ են պահվում Ադրբեջանի կողմից, պետության կողմից հովանավորվող ահաբեկման քաղաքականության միջոցով: Իրենց ներկայացուցիչն այստեղ է, որպեսզի հերթական անգամ ստերով փորձի կոծկել այդ կոպիտ եւ զանգվածային խախտումները: Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները եւ չնվազող սադրանքները ապացուցում են, որ պատժամիջոցների բացակայության պայմաններում ագրեսորը քաջալերվում է, որպեսզի շարունակի փորձության ենթարկել միջազգային հանրության եւ այս խորհրդի դիմակայունությունը»,- ասաց նա:
ՄԱԿ-ում ՀՀ մտական ներկայացուցիչը նշեց, որ Ադրբեջանի այն պնդումը, թե լուծել է լՂ հարցը ակնհայտ ցեղասպանական նկրտումներ է պարունակում:
Մհեր Մարգարյանը ՄԱԿ-ի ԱԽ խորհրդին կոչ արեց քայլեր ձեռնարկել, որպեսզի Ադրբեջանը հարգի եռակողմ հայտարարության դրույթները եւ բացի միջանցքը: