Այս տարվա համար թե Արժույթի միջազգային հիմնադրամը, թե Համաշխարհային բանկը, թե մյուս գործընկերները տեսնում են, որ մեզ մոտ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն 6600-6800 դոլարի միջակայքում կլինի: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 26-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Դա նշանակում է, որ մենք արդեն որպես երկիր պետք է փոխենք մեր մտածելակերպր, մեր ինստիտուտների որակը, որ արդեն որպես այլ կլասի երկիր կարողանանք աճել, աշխատել: Պատկերացրեք, դուք ունեք մի տեսակի մեքենա, եւ հետո անցնում եք այլ, ավելի բարձր կլասի մեքենայի, բայց արգելակները, հսկողական այլ համակարգերը մնում են հին մեքենայինը, եւ այդտեղ առաջանում են տարբեր խնդիրներ: Հիմա կարիք կա, որ մենք նաեւ մեր մյուս պետական ինստիտուտները համապատասխանեցնենք: Մենք պետք է կարողանանք փոխել մեր քաղաքացիների կյանքի որակը»,-ասաց նա:


Քերոբյանը վստահեցրեց, որ Հայաստանում գործող բիզնեսների մեծ մասը էական առաջընթաց է գրանցել այս տարի. «Օրինակ, շբաթ ես այցելել եմ Երեւանի շոկոլադի գործարան, որը այս տարի արտահանումը երեք անգամ մեծացրել է: Ընդհանուր առեւտրաշրջանառությունը 7 մլրդ դրամի է հասցրել: Սա նշանակում է, որ այդ ընկերությունը փոխել է իր կլասը: Սա տիպիկ օրինակ է այսօր ՀՀ-ում գործող ընկերությունների մեծ մասի համար: