«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի ազգային հավաքականի խայտառակ ելույթներից հետո թվում էր, թե Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ի դեմս կուլիսային ու իրական ղեկավարների, մի կողմ կդնեն նեղ անձնական ու այսրոպեական շահերը, կգնան ֆուտբոլը զարգացնելու ճանապարհով: Սակայն իրականում տեղի է ունենում լրիվ հակառակ գործընթացը:
Վաղը՝ չորեքշաբթի օրը, կայանալու են այդ կառույցի գործադիր կոմիտեի անդամների ընտրությունները, իսկ թեկնածուներին ձայն են տալու անձինք, ովքեր ներկայացնում են տարբեր ՀԿ֊ներ, սակայն իրականում մեծամասնությամբ ՀՖՖ գործող ղեկավարության կամակատարներն են և մեծ հաշվով ընտրելու են նրանց, ում կհրահանգեն: Այս անգամ ՀՖՖ գործկոմի կազմում մարդկանց ընդգրկելը ևս հաստատվել է ամենաբարձր մակարդակներում, սակայն ինչպես պնդեցին մեր աղբյուրները` ՀՖՖ-ում հումորով խոսում են, թե իշխանությունները ֆուտբոլից գլուխ չեն հանում և սիրողական մակարդակով տրված խորհուրդները հեշտությամբ ընդունում են՝ առանց հասկանալու:
Տեղեկացնենք, որ ՀՖՖ գործկոմի անդամ մնալու ցանկություն ունեն ՀՖՖ փոխնախագահ, Նիկոլ Փաշինյանի թերթի նախկին սպորտային լրագրող Արմեն Նիկողոսյանը, ում առաջադրած ՀԿ֊ներից մեկի մասին դեռևս անցած ընտրություններում սկանդալ եղավ, պարզվեց, որ դեռևս 2017թ-ին լուծարված «Նիկարմ» ակումբը 2019թ.-ին մասնակցել էր ՀՖՖ նախագահի ընտրությանը, իսկ հիմա էլ այս ՀԿ-ն առաջադրել է Նիկողոսյանի թեկնածությունը՝ իբրև գործկոմի անդամ:
Մյուս անդամներից մեկը, ով հանդիսանում է Արմեն Մելիքբեկյանի ընկերներից ու ցանկություն ունի շարունակել մնալ ՀՖՖ գործկոմում, Կարեն Շաբոյանն է, վերջինս ժամանակին ջանասիրաբար աշխատել է Յուքոմի ու նրա իրական սեփականատերերի համար: Խոսակցություններ են շրջանառվում առ այն, որ «խիստ ֆուտբոլասեր» այս անձը նաև ինչ-ինչ կոմերցիոն հետաքրքրություններ ունի ՀՖՖ-ում, մասնավորապես նա է ղեկավարում հայկական ֆուտբոլում VAR համակարգի ներդրման բավական թանկարժեք ու դժվար վերահսկելի աշխատանքները:
Ի դեպ, նախորդ գործկոմի ընտրություններում Շաբոյանին առաջադրած «Սևան» ֆուտբոյալին ակումբը հետո ընդունեց իր սխալը՝ մեղադրելով այս անձին ֆուտբոլով հետաքրքրված չլինելու, չաշխատելու և այլ ֆուտբոլային մեղքերի մեջ:
Ահա այսպիսի մարդիկ են հայկական ֆուտբոլը ղեկավարում ու թերևս նրանց անգործությունը կամ այլ հետաքրքրություններ ունենալն է պատճառը, որ հայկական ֆուտբոլը հետընթաց է ապրում, իսկ սկանդալներն անպակաս են ու վստահաբար շարունակելի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում