«Աղոթքներս Արցախում ապրող մեր եղբայրների և քույրերի հետ են. այն մարդկանց, որոնք այսօր մեր փոխարեն կրում են ու վերակերտում հայի պատիվն ու արժանապատվությունը, որովհետև այս շրջափակումը միայն Արցախի շուրջ չէ, դա բոլորիս է վերաբերում. բոլոր նրանց, ովքեր ունեն ինքնություն, արժանապատվություն, կարճ ասեմ՝ Հայաստանն ու հայությունն է շրջափակված արդեն 16 օր»,- խոսելով Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման մասին այս մասին 168 TV-ի եթերում ասել է Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։
«Ապրում ենք անբարոյականության շքերթի մեջ. այս վիճակի միակ և բացարձակ պատասխանատուն այսօրվա կառավարիչն է ու կառավարողները։ Ես հիմա տեսնում եմ ինքնության մոլորության մեջ գտնվող մի ժողովուրդ, որի մեջ ներարկել են անզորության զգացում, բայց այստեղ ուզում եմ հարց տալ՝ մենք միթե՞ այդ վախկոտ, թույլ, հպատակ, ստորացած մարդիկ ենք։ Մեզ մնում է այլևս ինքնակազմակերպումը, պետությունից հույս չունեմ։ Ասել եմ ու նորից կրկնեմ՝ Արցախից հրաժարվողն ուրացող է. ուրացող է իր նախնիների գերեզմաններով ու գալիք սերնդով»,- շարունակելով իր խոսքը շեշտել է Բագրատ սրբազանը։