Նման բաներ ասելն ու հայտարարելը պարզապես իրողությունները չհասկանալ է նշանակում։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ եթե Ռուսաստանը օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով չկարողանա ապահովել կայունություն և անվտանգություն Լեռնային Ղարաբաղում, ապա կամ պետք է քննարկում նախաձեռնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում՝ բարձրացնելով ռուս խաղաղապահներին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մանդատ տալու հարցը, կամ բարձրացնի լրացուցիչ բազմազգ խաղաղապահ ուժեր Լեռնային Ղարաբաղ ուղարկելու հարցը:
Հիշեցնենք, որ կառավարության այսօրվա նիստում Նիկլ Փաշինյանը նաեւ հայտարարել էր, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի ներկայության հավատարիմ կողմնակիցն է, բայց «մեզ համար անընդունելի է ԼՂ հայաթափման լուռ վկա դառնալու ռուս խաղաղապահների ավելի ու ավելի տեսանելի դարձող գործելակերպը»:
«Ես կարող եմ նույն հարցը տալ, իսկ առանց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի, ինչ-որ մեկը կարո՞ղ է ամենայն պատասխանատվությամբ ասել, որ ավելի լավ կլինի։ Կարծում եմ՝ պատասխանն ակնհայտ է: Հետեւաբար, որքան ուզեք կարող եք խոսել արդյունավետության բարձրացման մասին: Ես եւս մեկ անգամ կրկնում եմ, որ բոլորն այժմ աշխատում են այս իրավիճակի հանգուցալուծման ուղղությամբ։ Բայց նման բաներ ասելն ու հայտարարելը պարզապես իրողությունները չհասկանալ է նշանակում»,- ասել է Զախարովան։