Սեպտեմբերի 13-ին Ազգային ժողովում տեղի ունեցավ ԳԴՀ Բունդեսթագի անդամ Յունգեն Կլիմկեի մամլո ասուլիսը, ով Հայաստանում է գտնվում ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի ղեկավար Արտակ Դավթյանի հրավերով:
Բունդեսթագի պատգամավոր Յունգեն Կլիմկեն տեղեկացրեց, որ արդեն երրորդ անգամ է այցելում Հայաստան: Այցը ճանաչողական է. պատգամավորը նպատակ ունի ծանոթանալ մեր երկրի ներքաղաքական իրավիճակին եւ արտաքին քաղաքական հեռանկարներին:
Այդ նպատակով հանդիպումներ են կայացել ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբում, քննարկվել են նաեւ հնարավոր համագործակցության ոլորտները:
Յունգեն Կլիմկեն տեղեկացրեց, որ այցելել է նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, ունեցել մի շարք հանդիպումներ: Առաջիկա հոկտեմբերին, որպես դիտորդ, կլինի նաեւ Ադրբեջանի Հանրապետությունում, եւ դրանից հետո կկարողանա կարծիք ունենալ ԼՂՀ հակամարտության վերաբերյալ:
Կիսելով տպավորությունները, պարոն Կլիմկեն ասաց, որ երկու երկրների միջեւ ցանկություն եւ հնարավորություն կա խորացնելու համագործակցությունը տարբեր ոլորտներում: