Երևանի քաղաքապետարանի 2013 թվականի շինբարեկարգման ծրագրով շարունակվում են առաջնահերթ հիմնանորոգման անհրաժեշտություն ունեցող շքապատշգամբների վերակառուցման աշխատանքները: Յուրաքանչյուր պատշգամբի համար կազմված է առանձին նախագիծ՝ ապահովելով ինժեներական և սեյսմիկ նորմատիվները:

35 շենքերում իրականացվող բուն վերակառուցման աշխատանքներից հետո կատարվում են նաև ներկման և արտաքին պատշաճ տեսքի ապահովման համապատասխան աշխատանքներ:
Շքապատշգամբները վերակառուցվում են՝ համահունչ շենքի ընդհանուր ճարտարապետությանը: Աշխատանքների նկատմամբ իրականացվում է տեխնիկական վերահսկողություն:

Հիշեցնենք, որ շքապատշգամբները, հանդիսանալով բնակիչների սեփականությունը, պետք է հիմնանորոգվեին և վերակառուցվեին սեփականատիրոջ կամ համատիրության կողմից, սակայն, հաշվի առնելով բնակիչների անվտանգության ապահովման կարևորությունը, քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ծրագիրն իրականացնում է Երևանի քաղաքապետարանը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն