Սանկտ Պետերբուրգ կատարած վերջին այցի ժամանակ մեզ թվաց, որ մենք համաձայնության ենք եկել, այսինքն՝ Ռուսաստանի հետ մեր դիրքորոշումը համընկնում է, ինչի հիման վրա ՌԴ կառավարության փոխվարչապետը պատրաստեց հայտարարության տեքստը եւ ես պատրաստ էի ստորագրել այն, բայց Ադրբեջանը չցանկացավ ստորագրել այդ հայտարարությունը։ Այս մասին հունվարի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հաղորդակցությունների ապաշրջափակման մասին հարցին։
Նա հիշեցրեց Հայաստանի առաջարկը՝ սահմանային հսկողությունը ժամանակավորապես պատվիրակել ինչ-որ միջազգային օպերատորի։ «Սակայն Բաքուն մերժեց նաեւ այս առաջարկը։ Այնուամենայնիվ, մեր բոլոր առաջարկներն ուժի մեջ են»,- հավելեց Փաշինյանը։
Վարչապետը նշեց, որ Ադրբեջանը ցանկանում է, որ իր քաղաքացիները Հայաստանի տարածքով տեղաշարժվեն ոչ Հայաստանի օրենքներով եւ շփում չունենան երկրի սահմանապահների ու մաքսավորների հետ։ «Բայց սա թշնամանքի օրակարգի շարունակությունն է։ Բացի այդ, մենք պատրաստ չենք նսեմացնել Հայաստանի ինքնիշխանությունը, նույնիսկ առանձին վերցրած տարածքում»,- ընդգծեց կառավարության ղեկավարը։