ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում դեկտեմբերի 24-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, այդ օրը, ժամը 14։20-ի սահմաններում կարանտինային մասնաշենքից թիվ 3-րդ խցում տեղաբաշխված և հացադուլի մեջ գտնվող դատապարտյալ Սերոբ Մ․-ն և կալանավոր Համլետ Հ․-ն անհարկի աղմկել են, ապա խցի պատին ամրացված երկհարկանի մահճակալը պատից պոկել ու հարվածել են դռանը։


Պարզվել է, որ դրա հետևանքով կոտրվել է խցի մուտքի դռան կերակրադռնակը և վնասվել կողային պատերը։

Այդ ամենից հետո նրանք շարունակել են ցուցաբերել ագրեսիվ պահվածք, հնչեցրել անհասցե հայհոյանքներ, ապա չեն ենթարկվել քրեակատորղական հիմնարկի ծառայողի օրինական պահանջին՝ պահանջելով իրենց տեղափոխել մեկ այլ քրեակատարողական հիմնարկ։

Կայքի տեղեկություններով՝ դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։