«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարությունը հերթական անգամ անհարմար իրավիճակում է հայտնվել: Դեկտեմբերի 16-ին Գեղարվեստի պետական ակադեմիայում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանի նախագահությամբ տեղի ունեցած հոգաբարձուների խորհրդի նիստում ռեկտորի պաշտոնում է վերընտրվել Արամ Իսաբեկյանը:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Իսաբեկյանը միաձայն է ընտրվել, նրա թեկնածությանը հոգաբարձուների խորհրդի որեւէ անդամ չի առարկել, ինչը, սակայն, խիստ մտահոգիչ ու տարօրինակ է, քանի որ, ըստ պահանջի, Իսաբեկյանն այդ պաշտոնում առաջադրվել, էլ ուր մնաց ընտրվել չէր կարող, եւ, հետեւաբար, հանձնաժողովականների, այդ թվում՝ փոխնախարար Խզմալյանի մոտ հարցեր չառաջանալն առնվազն տաօրինակ է:
Բանն այն է, որ 2021 հուլիսի 29-ի ՀՀ կառավարության 1248-Ն որոշման համաձայն՝ «ռեկտորի պաշտոնում կարող է ընտրվել ՀՀ այն գործունակ չափահաս քաղաքացին, որն ունի գիտական աստիճան եւ առնվազն 5 տարվա ակադեմիական եւ գիտական գործունեության ստաժ»: Թեեւ անվանի նկարիչ Իսաբեկյանը տարիների փորձ, վաստակ ու գիտական կոչում ունի, բայց պահանջվող գիտական աստիճան (գիտությունների թեկնածու կամ դոկտոր) չունի, հետեւաբար ռեկտոր ընտրվել չէր կարող:
Ի՞նչ է ստացվում. ԿԳՄՍ բարձրաստիճան պաշտոնյայի հովանու ներքո կրթական հաստատությունում ապօրինի, պաշտոնեական կեղծիքով ընտրություն է տեղի ունեցել: Հարցի մասով ԿԳՄՍ փոխնախարար Խզմալյանի տեսակետը լսել չհաջողվեց. նա մեր զանգերին չարձագանքեց, նախարարության լրատվական ծառայությունից էլ փոխանցեցին, որ հարցին միայն գրավոր հարցման դեպքում կպատասխանեն: Սա, թերեւս, նախարարության «թափանցիկ» աշխատելաոճի մասին է վկայում:
Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կառավարության երեկվա նիստի օրակարգում նախապես ներառված է եղել Գեղարվեստի ակադեմիայի ռեկտորի ընտրության արդյունքները հաստատելու հարցը (16-րդ հարցն է եղել), բայց կարճ ժամանակ անց հանվել է օրակարգից: Հուսանք՝ ապօրինությունը չի հաստատվի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում