Հայաստանի սահմանին այսօր կա առաջին դիտորդական խումբը, որը կարողացավ սահմանի երկայնքով տեղակայվել եւ մենք հուսով ենք, որ կկարողանանք եւս մեկ անգամ դիմել Եվրոպային, որ կարողանանք եւս մեկ առաքելություն տեղակայել հայ-ադրբեջանական սահմանին: Այս մասին այսօր՝ հունվարի 13-ին, Երեւանում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ համատեղ ասուլիսում ասաց Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեն:

«Սա այն դիրքորոշումն է, որը պաշտպանում է Ֆրանսիան, բայց անհրաժեշտ է, որ յուրաքանչյուր անդամ-պետություն համաձայն լինի այդ դիրքորոշման հետ: Ինչ վերաբերում է փաստահավաք առաքելությանը, ես չգիտեմ՝ արդյոք Հհ իշխանությունների կողմից նման դիմում եղել է: Ֆրանսիան, երբ եղան դիմուներ Ուկրաինայի կողմից, պատասխանեց այդ դիմումներին, այդ խնդրանքին՝ ուղարկելով մի շարք փորձագետներ: Չգիտեմ՝ արդյոք Հայաստանը նման դիմում ուղղել է Եվրոպային կամ Ֆրանսիային, ուստի չեմ կարող պատասխանել», - նշեց նա։


Դիտարկմանը, թե խոսքը ոչ թե հայ-ադրբեջանական սահմանին փաստահավաք խումբ ուղարկելու մասին է, այլ՝ Արցախ՝ Լաչինի միջանցք, այս հարցին պատասխանեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Եթե չեմ սխալվում, դրա համար պետք է նաև Ադրբեջանի համաձայնությունը, պետք է բոլոր կողմերի համաձայնությունը», - նշեց նա։

Սիմոնյանի խոսքով՝ Ֆրանսիան Հայաստանին պետք է որպես միջնորդ, այլ ոչ թե որպես կողմ. «Ֆրանսիան ամեն ինչ անում է տարծաշրջանում խաղաղություն բերելու համար, բայց Ֆրանսիան մեզ պետք է որպես միջնորդ, այլ ոչ թե որպես կողմ: Ֆրանսիան առանց այդ էլ ամեն ինչ անում է խաղաղություն բերելու համար, Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանելու համար», - ընդգծեց ՀՀ ԱԺ նախագահը։

Հարցին, թե Ֆրանսիան ռազմական աջակցություն կարո՞ղ է ցուցաբերել Հայաստանին, Ֆրանսիայի ԱԺ նախագահն արձագանքեց. «Ես ԱԺ նախագահ եմ, ոչ վարչապետ եմ, ոչ երկրի նախագահ եմ, ուստի չեմ կարող այդ հարցին պատասխանել»: