Հունվարի 13-ին՝ ժամը 16։45-ին, «Վեդու» բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին հաղորդում է ստացվել, որ «աջ ազդրի, աջ սրունքի ծակած-կտրած վերքեր, ձախ ուսահոդի, ձախ դաստակի սալջարդ, մարմնի տարբեր մասերի քերծվածքներ» ախտորոշմամբ, իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Նոր Կյանք գյուղի 34-ամյա մի բնակիչ, որը հայտնել է, որ մետաղյա ձող է մտել ոտքը:
Ոստիկանությունից տեղեկանում է, որ ոստիկանների ձեռնարկած հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացվել, որ տղամարդը նշված վնասվածքը ստացել է ոչ թե մետաղյա ձողը ոտքը մտնելու հետեւանքով, այլ նույն օրը՝ ժամը 16-ի սահմաններում Նոր Կյանք գյուղի Արարատյան փողոցի 94 հասցեի մոտակայքում ֆինանսական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ։
Ոսկետափ գյուղի 23-ամյա բնակիչը իր մոտ եղած դանակով երկու անգամ հարվածել է 34-ամյա տղամարդու ոտքին:
Նույն օրը 23-ամյա երիտասարդը Ոսկետափ գյուղում ձերբակալվել եւ ներկայացվել է Վեդիի քննչական բաժին:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վեդիի քննչական բաժին: